Սյունիքի մարզում, այսօր` հուլիսի 15-ին, շահագործման է հանձնվել «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի կողմից վերականգնված Ախլաթյանի, Գորիսի երրորդ կարգի ջրանցքները, «Որոտան-2» պոմպակայանը: Այդ արարողությանը ներկա է եղել Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՄՀ-Հայաստան ծրագրով, Սյունիքի մարզում կատարվել է 2,7 մլն. դոլարի աշխատանք, որի արդյունքում ակնկալվում է, որ կբարելավվի ոռոգման ջրի մատակարարումը, կավելանան ոռոգելի հողատարածքները:
Ախլաթյանի եւ Գորիսի վերականգնված ոռոգման ցանցի վերակառուցման համար ներդրվել է համապատասխանաբար 30 եւ 120 մլն դրամ: Երկու ջրանցքները միասին ոռոգում են 160 հա հողատարածք: Աշխատանքներն ավարտված են նաեւ Կապանի երրորդ կարգի ջրանցքում:
Վերանորոգված «Որոտան-2» պոմպակայանը ոռոգման ջուր կմատակարարի մարզի Քարաշեն, Խնածախ, Խնձորեսկ, Ն. Խնձորեսկ, Տեղ համայնքների 5 797 շահառուների: Պոմպակայանի վերականգնման աշխատանքների ընդհանուր արժեքն է 2 մլն 228 հազար դոլար:
Փոխվարչապետը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է առաջիկա ուսումնական տարում դպրոցի աշակերտների ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը: Մարզպետարանի առաջարկությամբ Տեղ համայնքի թիվ 1 դպրոցի 257 աշակերտների զգալի մասի ուսուցումը նախատեսվում է կազմակերպել հարեւան Արավուս համայնքի վերակառուցված դպրոցում, իսկ տարրական դասարանների ուսուցումը կկազմակերպվի Տեղ գյուղի մանկապարտեզի շենքում:




























