Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսավորման ընդհատման պատճառով` Ախալքալաքի ճանապարհների կառուցման, ենթակառուցվածքների զարգացման տեմպը դանդաղել է: Այս մասին հաղորդում է վրացական «Սամխրեթիս-Կարիբջե» պարբերականը: Ըստ այդմ, այսօր Ախալքալաքում ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներն իրականացվում են տեղական եւ կենտրոնական բյուջեների   գումարներով:

Եթե նախկինում  ամեն տարի  վերանորոգվում էր  2-3 կմ ճանապարհ, ապա այս տարի Ախալքալաքում կասֆալտապատվի միայն Մաշտոցի անվան  փողոցը: Այս նպատակով, տեղական բյուջեից տրամադրվել է 177 հազար լարի, իսկ անցկացված տենդերում հաղթող է ճանաչվել «Ջավախքի ճանապարհ» կազմակերպությունը: Բացի այդ, 40 հազար լարի նախատեսված է որոշ գյուղերի ճանապարհների վերանորոգման համար:

Պարբերականը տեղեկացնում է, որ Ախալքալաքում կառուցվում է նաեւ լողավազան: Անցյալ տարի տեղական բյուջեն ֆինանսավորել է ներքին աշխատանքները, իսկ այս տարի իր բյուջեից տրամադրել է եւս 100 հազար լարի` էլեկտրաէներգիայի եւ կոյուղու անցկացման, ինչպես նաեւ լողավազանի բակի հարմարությունների համար:

Նշենք, որ Ախալքալաքի շենքերի գազաֆիակցումը, կոյուղու խողովակների վերանորոգումը նույնպես կիրականացվի տեղական բյուջեի գումարներով:

Բյուջեից 27 հազար լարի կհատկացվի քաղաքի որոշ շենքերի գազաֆիկացման համար, 122 հազար լարին կհատկացվի կոյուղու խողովակների վերանորոգմանը, ինչպես նաեւ քաղաքի ճանապարհային նշաների տեղադրման համար կհատկացվի 32 800 լարի: