Հանրապետական կուսակցությունից կուսակցականների արտահոսք տեղի չի ունենում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը` մեկնաբանելով դրա վերաբերյալ մամուլի հրապարակումները: Նա նշեց, որ կուսակցությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Ավելին, վերջին շրջանում ՀՀԿ-ն համալրվում է նոր անդամներով:
Միայն վերջին 6 ամիսների ընթացքում, Թադեւոսյանի խոսքով, շուրջ 8 հազարից ավել մարդ է անդամագրվել ՀՀԿ-ին: Կուսակցությանն անդամագրվածների թիվն, ըստ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահի, այս պահին կազմում է շուրջ 135 հազար մարդ:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Երեւանի մի քանի վարչական շրջանների ՀՀԿ գրասենյակներում կուսակցականների արտահոսք է սկսվել. ՀՀԿ-ից սկսել են հեռանալ այն մարդիկ, ովքեր նախորդ ընտրություններում ակտիվորեն ներգրավված են եղել ընտրակեղծարարության մեջ։ Մամուլի տեղեկությունների համաձայն` Արաբկիր եւ Ավան վարչական շրջանների ՀՀԿ կառույցները լքել են մի քանի տասնյակ հայտնի ընտրակեղծարարներ, ովքեր մասնավոր զրույցներում իրենց հիասթափությունն արտահայտում են իշխանությունների հասցեին արվող ոչ այնքան մեղմ արտահայտություններով:




























