«Երկրապահ կամավորականների միության» նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի թիկնապահները , որ Էջմիածնում հայտնի են որպես «մանվելականներ» եւ քաղաքում ոնց ուզում ֆռֆռում են, օրերս քաղաքի կենտրոնում բախվել են «կարծր ընկույզի», գրում է «Երկիր» օրաթերթը:

Թերթի տեղեկություններով, Էջմիածնի Լեռնամերձ գյուղի նախկին բնակիչ Հայկոն, որն արդեն երկար տարիներ բնակվում է Մոսկվայում եւ քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Դեդ Հասանի մերձավոր շրջապատից է, իր ավտոմեքենան «մանվելականների» քիմքին ոչ հաճելի տեղում կանգնեցնելուց հետո իր հասցեին անպարկեշտ արտահայտություն է լսում եւ մոտենում է նրանց` պարզելու, թե արդյո՞ք իրեն նկատի ունեին: «Մանվելականները» կարծելով, որ նա Էջմիածնի շարքային քաղաքացի է, որոշում են կարգազանցին պատժել եւ հաշվեհարդար տեսնել նրա հետ:

Սակայն ավելի ուշ գեներալին պարզ է դառնում, որ իր տղաները հայհոյել են մի մարդու, որը ոչ միայն շարքային քաղաքացի չէ, այլեւ ի վիճակի է հաշիվ պահանջել իրեն հանիրավի հայհոյելու համար: Ցավալի է, որ անպատժելիության մթնոլորտը փոխում են ոչ թե մեր իրավապահները, այլ Մոսկվայից ժամանած քրեական հեղինակությունը, ում մասին, չափը կորցրած «մանվելականներից» հոգնած էմիածինցիները արդեն հարգանքով ասում են` «կարգին տղա էր»», –գրում է օրաթերթը: