Ռուսաստանը նպաստում է դեպի Եվրոպա բնական գազի ոչ բավարար մատակարարմանը։ Այս մասին ասել է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը՝ դա կապելով Ուկրաինայի շուրջ Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ առճակատման հետ, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ էներգակիրների բարձր գները եւ գազի ճգնաժամի հետեւանքով առաջացած սպառողական խնդիրները պայմանավորում են ապագայում եվրոպական ընկերությունների համար պահեստավորման պարտադիր քվոտաների ներդրումը։
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի պահվածքի պատճառով լարվածության ուժեղ տարրեր կան եվրոպական գազի շուկաներում»,-ասել է Բիրոլը լրագրողներին՝ նշելով, որ «այսօր ռուսական գազի ցածր հոսքերը դեպի Եվրոպա համընկնում են Ուկրաինայի շուրջ աճող աշխարհաքաղաքական լարվածության հետ»։
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 2021 թվականի չորրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով կրճատել է իր արտահանումը դեպի Եվրոպա 25%-ով, ասել է Բիրոլը։
Այնուամենայնիվ, Բիրոլը նշել է, որ Ռուսաստանը կարող է ավելացնել մատակարարումները դեպի Եվրոպա առնվազն մեկ երրորդով՝ ավելցուկային պահեստային հզորության միջոցով, որը համարժեք է ԵՄ-ում պահուստների դեֆիցիտի կեսին։
Բիրոլը հավելել է, որ ի տարբերություն Եվրամիության հետ հարաբերություններին՝ Ռուսաստանը բնական գազ է մատակարարում Չինաստանին՝ գերազանցելով իր պայմանագրային պարտավորությունները։





























