Ամեն շաբաթ Գյումրիի Շարլ Ազնավուրի հրապարակից  դեպի Թուրքիա` Ստամբուլ են շարժվում 5-6 խոշոր ավտոբուսներ: Ուղեւորները հիմնականում երեւանցիներ ու գյումրեցիներ են, ովքեր Թուրքիա մեկնում են առետրի նպատակով:

Սակայն ամառային այս սեզոնին շատ են նաեւ ընտանիքով մեկնողները, ովքեր մեծ մասամբ գնում են հարեւան երկիր`հանգստանալու: Նրանց մեծ մասն այնտեղ բարեկամներ կամ հարազատներ ունեն, ովքեր մշտական բնակություն են հաստատել Թուրքիայում եւ հարազատներին ամառային սեզոնին հրավիրում ու ֆինանսապես օժանդակում են, որպեսզի մեկնեն ու հանգստանան Ստամբուլում: «Աղջկաս այնտեղ եմ ամուսնացել, հայ չէ փեսաս, բայց լավ մարդ է, աղջկաս սիրում է: Հիմա ինձ հրավիրում են հանգստանալու, գնում եմ: Աղջիկս ասում է, մամ մնա, ապրի մեզ հետ, բայց ես չեմ կարող աղջիկ ջան, այստեղ շատ բարեկամներ ունեմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է երեւանցի Ասյա Հովհաննիսյանը: Իսկ գյումրեցի Ռուբեն Սարգսյանը իր կնոջ ու երեխաների հետ է մեկնում «թե առեւտրի, թե հանգստի համար»: «Էստեղ հնարավոր չէ հանգստանալ: Շատ թանկ են գները: Մի կտոր ջուր ունենք` Սեւանը, 10 հոգու բաժին են արել, լողանալու համար փող են ուզում, ո՞վ է տեսել նման բան»,- դժգոհել է Ռուբեն Սարգսյանը` շարունակելով, որ Թուրքիայում նման բան չկա: «Օտար երկրում լողանալու համար քեզանից փող չեն ուզում, չեն ասում ջուր ես մտել, փող տուր»,- ասել է նա: