«Գինեգործության մեջ ճգնաժամը կտեւի երկար տարիներ։ 2-3 տարի հետո մենք լավագույն դեպքում կվերադառնանք կորցրած շուկաների 50 տոկոսին»,- այս մասին հոկտեմբերի 19-ին «Դե ֆակտո» ակումբում հայտարարեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ճգնաժամի ժամանակ գինու արտահանման ծավալները չեն նվազել, եւ Հայաստանը իր արտադրանքով Ռուսաստանի շուկայում զիջում է միայն Ադրբեջանին, Ռուսաստանին, Ուկրաինային։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացումից հետո մեր գինեգործությանը սպառնացող վտանգներին, միության ղեկավարը նշեց, որ Հայաստանում՝ գինին եւ խաղողը մնացած մթերքների համեմատ առավելագույնս պաշտպանված են՝ այն առումով, որ ըստ խաղողագործությանը եւ գինուն վերաբերող օրենսդրության՝ արգելվում է նմանատիպ մթերքների ներմուծումը եւ սեփական արտադրության մեջ օգտագործումը։

«Հայաստանը գինեգործության ոլորտում շատ խորը հակամարտության մեջ է Թուրքիայի հետ։ Թուրքիան այսօր աշխարհի 4-րդ, 5-րդ խաղողագործական պետություն է, մենք 180000 հա այգի ունենք, Թուրքիան՝500000 հա այգի»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ շուկա կորցնելու պատճառներից մեկը նաեւ մեր արտադրանքի վատ որակն է։

«Մենք ունենք Սփյուռք, եւ նա գնում է գինին, ոչ թե նրա համար, որ դա լավն է, այլեւ նրա համար, որ այն հայկական ծագում ունի։ Սակայն այս հանգամանքը արտադրողներին չի խթանում, որ որակ բարձրացնեն։ Ճգնաժամը եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական գինու եւ կոնյակի որակը այն չէ»,-հավաստիացրեց նա։