Կոալիցիայի անդամներից բաղկացած աշխատանքային խմբի հետ այսօր` հուլիսի 18-ին տեղի ունենալիք հանդիպմանը Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է նույն` 5 հոգանոց կազմով, որը ձեւավորվել էր հունիսի 2-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը`հավելելով, որ ներկա պահին ՀԱԿ պատվիրակության կազմում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Պատվիրակության կազմում են` պատվիրակության ղեկավար` ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ տնտեսական հանձնախմբի անդամ,Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյան:
Նշեք, որ հուլիսի 9-ին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտարարեց, որ Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսություն ծավալելու նպատակով «Կոալիցիոն կուսակցությունները ձեւավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից»։
Հուլիսի 16-ին հրապարակվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ նույն խնդրի կապակցությամբ արված հետեւյալ հայտարարությունը. «Քաղաքական կոալիցիայի անունից լիազորված եմ հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձեւավորված աշխատանքային խումբը՝ Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ), Գագիկ Մինասյանի (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանի (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանի («Օրինաց երկիր») եւ Խաչիկ Հարությունյանի («Օրինաց երկիր») մասնակցությամբ, պատրաստ է սկսելու քննարկումների շարքը ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ։ Աշխատանքային խմբի անդամները հրավիրում են Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին ս.թ. հուլիսի 18-ին, ժամը 16։00-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ («Էրեբունի» հյուրանոց, 6-րդ հարկ) առաջին հանդիպման համար»։
Երել էլ` հուլիսի 17-ին, պատասխան հայտարարությամբ է հանդես եկել ՀԱԿ-ը, որում մասնավորապես ասվում է. «Քանի որ Հայ Ազգային Կոնգրեսը երբեւէ կոալիցիոն կուսակցությունների հետ երկխոսություն ծավալելու առաջարկ չի արել, ուստի նշված հայտարարություններից միանշանակորեն բխում է, որ կոալիցիոն կուսակցություններն իրենք, սեփական նախաձեռնությամբ, ցանկություն են հայտնել քաղաքական քննարկումներ սկսել մեզ հետ եւ այդ նպատակով նաեւ համապատասխան աշխատանքային խումբ են ձեւավորել»։
«Այս ամենով հանդերձ, նկատի ունենալով կոալիցիոն կուսակցությունների կողմից մեզ արված առաջարկը եւ ենթադրելով, որ նրանք մեզ ասելիք ունեն (քանի որ իրենք են հանդես եկել նման նախաձեռնությամբ), մենք դեմ չենք հուլիսի 18-ին հանդիպել նրանց հետ ու ամենայն հարգանքով լսել նրանց, թեեւ կարելի էր հանդիպման համար չեզոք վայր ընտրել։ Ավելին, մենք պատրաստ ենք նաեւ հետագայում պահպանել կոալիցիոն կուսակցությունների հետ հանդիպումների ձեւաչափը, որպես Կոնգրես–իշխանություն բանակցությունների հիմնական ձեւաչափին զուգահեռ եւ օժանդակ գործընթաց»,-ասված է Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ։




























