«Վալլեքս» խմբի ընկերություններն` Ալավերդիի քաղաքապետարանի հետ համատեղ հուլիսի 17-ին կազմակերպել են տոնական միջոցառումներ նվիրված հանքագործի եւ մետալուրգի մասնագիտական տոնին, Ալավերդի քաղաքի օրվան եւ քաղաքի պղնձաձուլական գործարանի 241-րդ տարեդարձին:

«Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքային տոնակատարությունները սկսվել են Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մոմավառությամբ, այնուհետեւ Ալավերդիի մշակույթի կենտրոնում կազմակերպվել է հայտնի քանդակագործ, ժողովրդական նկարիչ Խաչատուր Իսկանդարյանի քանդակների ցուցադրությունը:

Քաղաքապետն իր ելույթում՝ Ալավերդու օրվա առթիվ պարգեւներ է հանձնել  ստեղծագործական-աշխատանքային նվաճումներով աչքի ընկած մի շարք ալավերդցիների:

Շնորհավորանքի խոսքով հանդես են եկել նաեւ «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը եւ «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Պապոյանը, ովքեր թանկարժեք նվերներով՝ խմբի ընկերությունների անունից պարգեւատրել են շուրջ 90 աշխատակիցների:

Տոնական հանդիսույթը շարունակվել է Ալավերդիի «Մետալուրգ» մարզադաշտում կազմակերպված շքեղ համերգով` Հայաստանի երգի պետական թատրոնի երգիչների մասնակցությամբ: Տոնական միջոցառումը եզրափակվել է շքեղ հրավառությամբ: