ՀԱԿ-ի հետ երկխոսության նպատակը չի կարող լինել այն, որ յուրաքանչյուր հարցի շուրջ համաձայնություն կայանա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ-ի հետ երկխոսության նպատակով ստեղծված կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, հավելելով, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ առաջին հանդիպման ժամանակ որեւէ նոր հարցադրում չի հնչել:

«Մենք պետք է հասկանանք յուրաքանչյուր հարցի պատճառները եւ որոնենք հնարավոր եղանակներ: Երկխոսությունը չի լինում վերջնագրերի լեզվով, եւ ես ուրախ եմ, որ երկու կողմերն էլ հայտարարեցին, որ չկան հարցեր, որոնք տաբու են, երկու կողմերն էլ բաց են քննարկումների համար, եւ երկու կողմերն էլ ակնկալում են արդյունավետ քննարկում»,- ասել է Դ. Հարությունյանը:

«Մենք ունենք նաեւ մեր հարցադրումները: Մեր հարցադրումներից մեկը քաղաքական մրցակցության փոխադարձ ընդունելի կանոնների հաստատումն է՝ որպես առաջին քայլ, որովհետեւ այդպիսով մենք կառողջացնենք մեր քաղաքական միջավայրը: Եվ անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն ընտրությունները՝ հերթական, թե արտահերթ, քաղաքական միջավայրի առողջացումը կարեւորագույն խնդիրներից մեկն է: Բոլոր հարցերը չէ, որ օրենքով են կարգավորվում: Կան հարցեր, որոնք կարգավորվում են նաեւ համաձայնություններով, համատեղ հայտարարություններով, ընդ որում՝ բաց հայտարարություններով, որոնց կարող են միանալ քաղաքական դաշտի այլ դերակատարներ եւս»,-ընդգծել է նա: