Ամերիկյան շրջանային դատավորը հուլիսի 18 -ին ութնօրյա ժամկետ է տվել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների փոխհատուցման դատավեճի մասնակից փաստաբաններին` հետագա գործողությունների վերաբերյալ պայմանավորվելու համար: Այդ մասին հաղորդում է «Glendale News-Press»-ը:

Գլեդելցի փաստաբան Վարդգես Եղիայանի միջնորդությունում վիճարկվում են  փաստաբաններ Մարկ Գիրագոսի եւ Բրայան Կաբատեկի կողմից  ներկայացված` ֆրանսիական ապահովագրական «Axa S.A.» կողմից ստեղծված փոխատուցման հիմնադրամի տվյալները 346 050 դոլարի մասին: Եղիայանը, ով մի ժամանակ  Գիրագոսի եւ Կաբատեկի հետ համատեղ Հայոց ցեղասպանության ժառանգների փոխհատուցման հայցեր էր ներկայացրել, կոչ է արել աուդիտ անցկացնել այն բանից հետո, երբ «Axa» հիմնադրամում լրացուցիչ հաշվետվությունը 2,8 մլն դոլար է ցույց տվել:

Մի քանի տարի առաջ  «New York Life Insurance» եւ «Axa» ապահովագրական ընկերությունները պայմանավորվել էին ստեղծել առանձին հիմնադրամներ` ընդհանուր 37,5 մլն դոլարով` Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների փոխհատուցման հարցը կարգավորելու համար: Կաբատեկը հայտարարել է, որ հաշիվներում անհամապատասխանությունն է ի հայտ եկել, երբ ինքն ու Գիրագոսը  նայել են  դրանք եւ նկատել, որ մոտ 100 քաղաքացու հաշվի չեն առել վճարման հաշվարկում: «Հենց մենք  ենք բացահայտել դա: Հենց մենք ենք այդ մասին հայտնել դատարանին»,-ասել է Կաբատեկը:

Նա խոստովանել է, որ մինչ այդ փաստը բացահայտելը, ինքն ու Գիրագոսը փորձում էին փակել հիմնադրամը, քանի որ կարծում էին, որ բոլոր ժառանգները փոխհատուցում ստացել են: Հիմա արդեն նրանք հանդես են գալիս հիմնադրամի պահպանման օգտին,  քանի դեռ բոլորը փոխհատուցում չեն ստացել:

Եղիայանը հաստատում է,  որ հիմնադրամի փակման մասին դիմումը տրվել է առանց իր համաձայնության:

«Ամենակարեւորն այն է, որ այդ 100 մարդը փոխհատուցում ստանա», -ասել է Կաբատեկը: Նրա խոսքով`  հիմնադրամի ստեղծումից հետո մի քանի հարյուր մարդ ստացել են  մոտ 6,5 մլն դոլարի փոխհատուցում: