ՀՀ կառավարությունն այսօր՝ հունվարի 31-ին գրավոր ընթացակարգով փոփոխություն է կատարել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման մեջ:

Ըստ նոր փոփոխություններին, ՀՀ-ում ամբողջական պատվաստված անձանց ինքնամեկուսացման ժամկետը 14 օրից նվազեցվում է 7 օրացուցային օրվա, իսկ չպատվաստվածների համար՝ 10 օրացուցային օրվա։ ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը չպատվաստված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից:

Բացի այդ, այսուհետ օդանավակայանում սուր շնչառական վարակներից խուսափելու համար առաջարկվում է  թույլատրել օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ` հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու պայմանով։

Իսկ հնարավոր կուտակումներից խուսափելու համար ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանն ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին թույլատրվում է կիրառել անձանց տեղաշարժի սահմանափակման միջոցառումներ:

Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում  փետրվարի 1-ից. որոշման գործողությունը տարածվում է նաև որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա: