Մայ Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Գարեգին Բ-ի մասին «Չենք լռելու» նխաձեռնության հաղորդագրությանը, որտեղ նշվում էր, որ Գարեգին Բ-ն Սանահինի վանքի անմխիթար վիճակի մասին հարցին արձագանքել էր, թե «կաթողիկոսը որեւէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի եւ եկեղեցիների հետ»:

Ստորեւ NEWS.am-ը ներկայացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տ. Վահրամ քահանա Մելիքյանի հաղորդագրությունը:

«Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի եւ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կատարած հայտարարության առնչությամբ ցանկանում եմ նշել հետեւյալը: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը խստորեն դատապարտում է այդ հանդուգն հայտարարությունները, որոնցով մեղադրանքներ են հնչում Հայ եկեղեցու հասցեին եւ վերագրումներ կատարվում Ամենայն հայոց կաթողիկոսին:

Պրն. Սամվել Կարապետյանն ամբողջությամբ խեղաթյուրված է ներկայացնում զրույցը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Անամոթություն եւ լկտիություն է եկեղեցիների եւ սրբավայրերի պահպանության առնչությամբ ավելի ցավսիրտ ներկայանալ, քան Ամենայն հայոց կաթողիկոսը կամ որեւէ թեմակալ առաջնորդ եւ եկեղեցական:

Նորին Սրբության ուշադրության ներքո են բոլոր վանքերն ու եկեղեցիները, սակայն Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ի վիճակի չէ բոլոր վանքերի նորոգությունը միաժամանակ իրագործել եւ բազմիցս այդ մասին ասվել է, որ մեր հոգեւոր ժառանգության պահպանությունն կարելի է իրականացնել միայն պետության հովանավորությամբ եւ աջակցությամբ:

Այդուհանդերձ Մայր Աթոռը իր սուղ միջոցներով հանդերձ հետամուտ է նորոգության առավել կարիքի մեջ գտնվող վանքերի ու եկեղեցիների: Իսկ նորոգված եւ այսօր նորոգվող տաճարները, ինչպես օրինակ` Գեղարդավանքը, Հառիճավանքը, Սաղմոսավանքը, Նորավանքը, Խոր Վիրապը, Ապարանի Ս. Խաչը, Տաթեւը եւ բազում այլք, խոսուն վկայությունն են հնչող մեղադրանքների անհեթեթության»: