Յուրաքանչյուր րոպե Երեւանի ընդերքը փոփոխությունների է ենթարկվում, մինչդեռ մայրաքաղաքի ընդերքի ուսումնասիրության անչափ կարեւոր հարցը բարձիթողի վիճակում է, ինչը հղի է  վտանգավոր հետեւանքներով, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը:

Նրա խոսքով` մայրաքաղաքի կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքները որպես կանոն իրականացվում են առանց երկրաբանական-ինժեներական  պատշաճ հաշվարկների: Նախկինում՝ խորհրդային տարիներին, նախքան այս կամ այն շենքի կառուցումը, ըստ Յադոյանի,  համապատասխան մասնագետները տեղանքի մանրազնին ուսումնասիրություններ էին կատարում,   մինչդեռ  այսօր ով փող ու թույլտվություն ունի՝ խելքին փչած ժամանակ եւ տեղում շենք ու շինություն է կառուցում,  առանց մտածելու, որ այդ շինությունների կառուցման ժամանակ թույլ տրված ցանկացած բացթողում կարող է մարդկային կյանքեր արժանանալ:

«Շենքը կառուցելիս կարեւոր է հաշվի առնել  դրա հիմքի կրողունակությունը՝ գրունտների, ապարների ֆիզիկա-մեխանիկական հատկությունները: Մինչդեռ այդ անչափ կարեւոր հանգամանքն այսօր մեծամասամբ ուշադրության չի արժանանում: Կառուցվող շենքերը շատ գեղեցիկ են,  բայց քանի՞ կոպեկ արժե այդ գեղեցկությունը, եթե դրանք հիմքը խարխուլ է»,-նկատեց  Յադոյանը:

Նրա խոսքով՝  վերջին 20 տարվա ընթացքում մայրաքաղաքում  կառուցվում են հիմնականում բազմահարկ, խոշոր շենքեր, ինչը հիմավորված չէ: «Բարձրահարկ շենքեր կարելի է կառուցել բազալտային հիմք ունեցող տարածքներում՝ Արաբկիր վարչական շրջանից դեպի հյուսիս: Իսկ դեպի հարավ ընկած տարածքում խորքային ապարների կտրվածքն այնպիսին է, որը թույլ չի տալիս կառուցել բարձրահարկ շենքեր»,-նկատեց երկրաբանը:

Անդրադառնալով  այսպես կոչված «էլիտար» շենքերին, որոնք հիմանկանում կառուցվում են մայրաքաղաքի կենտրոնում, NEWS.am-ի զրուցակիցը նշեց. «Հատկապես Հյուսիսային պողոտայի եւ ընդհանրապես քաղաքի կենտրոնի տակ՝ Գետառից  աջ՝  Ղազար Փարպեցի փողոցից մինչեւ  «Դինամո» մարզադաշտն ընդգրկող տարածքի տակը դատարկ է:  Ես այս մասին ահազանգել եմ բազմիցս: Պետք  է շտապ կերպով ուսումնասիրվի կենտրոնի հատակը, որոշվեն դատարկությունների ճիշտ տեղերը, միջոցառումներ իրականացվեն այդ դատարկ տեղերը լցնելու ուղղությամբ, այլապես մի օր կենտրոնը կփլուզվի՝ հանգեցնելով անդառնալի եւ ողբերգական հետեւանքների»:

Եթե մայրաքաղաքի կենտրոնի դատարկությունը չլցվի, ըստ մասնագետի, հետագայում այդտեղ կառուցված շենքերը կենթարկվեն իջեցման, ճաքման, ընդհուպ՝ փլուզման:  «Եթե ընդերքի խոռոչը, որի վրա կառուցված է տվյալ շինությունը, լինի ասենք 20 մետր, ապա, այսպես կոչված, «էլիտար» շենքի ուղիղ կեսը կհայտնվի գետնի տակ»,-հայտարարեց Յադոյանը՝ հավելելով, թե գործող քաղաքապետը խոսում է քաղաքի ճարտարապետական տեսքի մասին՝ պատշաճ ուշադրության չարժանացնելով  քաղաքի շենքերի ամրության հարցին:

NEWS.am-ի զրուցակիցն անդրադարձավ նաեւ Կառավարության  շենքի վրա կառուցվելիք թմբուկին՝ նշելով, որ այդ շենքը կառուցված է ճիշտ նախագծով՝ հաշվի առնելով  ընդերքի կրողունակությունը: «Սակայն այսօր, քանի որ յուրաքանչյուր վայրկյան մայրաքաղաքի  ընդերքը փոփոխությունների է ենթարկվում, շենքի վրա ավելացվող ամեն մի քար կարող է ազդել  շենքի ամրության վրա»,-նկատեց Յադոյանը: 

 

Ե. Գեւորգյան