«Ֆուկուսիմա-1»-ում այսօր` հուլիսի 20-ին լրացուցիչ անվտանգության միջոցներ են ձեռնարկվել` մոտեցող հզոր «Մա-օն» թայֆունի հետ կապված, հաղորդում է itar-tass.com-ը` վկայակոչելով Tokio electric power ընկերությունը:
TEPCO-ն անհանգստանում է, որ թվով 6-րդ եւ այս սեզոնի ամենաուժեղ թայֆունը կարող է հասնել վթարված ատոմակայանի տարածք: Դեռ նախորդ շաբաթավերջին դադարեցվել է ռադիակտիվ ջրի հսկայական պահեստարանում հավաքելու գործընթացը: Մեծ ալիքների պատճառով, մասնագետները անջատել են ռետինե խողովակները, որոնցով հեղուկը 5-րդ եւ 6-րդ ռեակտորների շենքի նկուղներից հասցվում էր պահեստարան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հարավից Ճապոնական արշիպելագին մոտեցած հզոր «Մա-ոն» թայֆունը Սիկոկու կղզում եւ Կի թերակղզում ուղեկցվում է հորդառատ անձրեւներով ու ուժգին քամիներով:
Քամու արագությունը հզոր թայֆունի էպիկենտրոնում կազմում է 35-40 մետր վայրկյանում: Թայֆունը գտնվում է Սիկոկու կղզու վրա, բոլոր պրեֆեկտուրաներում այսօր գրանցվել է ռեկորդային քանակության տեղումներ (մինչեւ 500 մմ): Հորդառատ անձրեւներ են տեղում նաեւ Հոսնյու կղզու Վակամայա եւ Միե պրեֆեկտուրաներում: Երկրի 10 պրեֆեկտուրաներում սելավների եւ սողանքների հետեւանքով վնասվածքներ է ստացել 32 մարդ:
Հարավային նահանգներում արդեն չեղյալ են համարվել ավիաթռիչքները, դադարեցվել է լաստանավային հաղորդակցությունը, մի շարք շրջաններում ժամանակավորապես դադարեցվել է էլեկտրաէնեգիայի մատակարարումը: Սիդզուոկա պրեֆեկտուրայում երեկվանից փակ է «Տոմեյ» ավոտմայրուղու մի հատվածը, որն անցնում է օվկիանոսի ափով: Պատճառը մինչեւ 6 մետրի հասնող ալիքներն են:
Ճապոնիայի բազմաթիվ շրջաններում հորդառատ անձրեւները կտեւեն մինչեւ հինգշաբթի:



























