Բռնության դեպքերը, հատկապես երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնությունները մամուլը պետք է լուսաբանի հնարավորինս նրբանկատ ու զգույշ: Այս մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ օգնության ֆոնդի  երեխաների կենտրոնի տնօրեն Իռա  Անտոնյանը:

Նրա խոսքով` աղմկահարույց գործերի շուրջ ավելորդ աղմուկը, որտեղ զոհը երեխան է, ոչ միայն օգուտ չի բերում բռնության ենթարկվածին, այլ ինչ-որ տեղ նաեւ վնասում է: Այսպես, որքան շատ է աղմուկը, այնքան շատ մարդ կիմանա այդ մասին, հատկապես, որ, սովորաբար, հրապարակումներում նշվում է զոհի անուն-ազգանունն ամբողջությամբ: Եւ որքան շատ խոսվի այդ մասին, այնքան այդ երեխային ու նրա ծնողներին դժվար կլինի սկսել նոր կյանք:

«Երբ գրում ես նման դեպքերի մասին, առաջին հերթին հարկավոր է, որ  ինքդ պատասխանես հարցին` իսկ դա ինչպե՞ս կազդի զոհի վրա»,-նկատեց Անտոնյանը` հավելելով, որ եթե նույնիսկ օրենքն ու արդարությունը հաղթանակեն, հասարակության մեծ ուշադրությունը զոհի նկատմամբ կարող է խանգարել նրան նոր կյանք սկսելու հարցում»:

Փորձագետը նշեց նաեւ, որ շատ հաճախ երեխայի հոգեբանությանը հասցված վնասները չեն վերականգնվում, չնայած մասնագետների կողմից գործադրվող ջանքերին: Այդ պատճառով էլ հարկավոր է, որ լրատվամիջոցները հանգիստ թողնեն զոհին:

Նշենք, որ կա նաեւ տեսակետ, որ նման դեպքերի չլուսաբանումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել բռնություն կիրառողների համար, ովքեր վստահ լինելով, որ խնդիրը չի լուսաբանվելու եւ իրենք հասարակական պարսավանքի չեն արժանանալու, ավելի ազատ կարող են իրենց զգալ: