ՀՀ իշխանությունը չի տնօրինում երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա գնահատմամբ՝ արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռություն չկա, քաոս է տիրում։ Անվտանգության ոլորտը նա փխրուն անվանեց։     

«Մեզ ավելի նախաձեռնող քաղաքականություն է անհրաժեշտ եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Արեւմուտքի, եւ՛ Չինաստանի, եւ՛ Իրանի, եւ՛ Մերձավոր Արեւելքի երկրների հետ»,- նշեց Հովհաննիսյանը։

Նա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն էքզիստենցիալ հարց, ազգային անվտանգության հարց անվանեց․ մի ամբողջ քաղաքակրթություն է ոչնչացվել, եւ ոչ մի փաստաթուղթ չի կարող փոխհատուցել հայերի կորուստները, իսկ վերջերս 5000 երիտասարդների կորուստը, տարածքային նոր կորուստները Հայրենազրկման շարունակությունն են, նշեց Հովհաննիսյանը։ 

«Թուրքիայի նախապայմաններն ի սկզբանե վերաբերում էին Կարսի պայմանագրի դե յուրե ճանաչմանը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային օրակարգից հանելուն եւ ահաբեկչության դատապարտմանը։ Արցախի հարցը որպես նախապայման ավելի ուշ ավելացվել է»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Նախկին արտգործնախարարը կարծում է, որ միայն հայկական մշակութային ժառանգության ճանաչման, վերականգնման, հայերի՝ Հայրենիք վերադարձի երաշխիքների, փոխհատուցման, հայերի իրավունքների վերականգնման դեպքում է հնարավոր դե յուրե ճանաչել դե ֆակտո գոյություն ունեցող սահմանը եւ գնալ հաշտության ճանապարհով: 

Նա անընդունելի անվանեց խորհրդային սահմանների հիշատակումը, ինչպես դա տեղի է ունենում Գորիս-Կապան ճանապարհի դեպքում։

Նրա խոսքով՝ դեռ 1990-ականներին Արցախի հարցում Հայաստանը պետք է ճանաչեր Հանրապետության անկախությունը՝ առաջ քաշելով այն թեզը, որի համաձայն՝ Արցախն ու Ադրբեջանը որեւէ կերպ կապված չեն միմյանց հետ։

«Բայց Հայաստանը սկսեց բանակցությունները, եւ այս ընթացքում ճանաչվեցին Կոսովոն, Հարավային Օսիան, Աբխազիան։ Հայաստանը Արցախը չճանաչեց նույնիսկ հրադադարից հետո (նկատի ունի 1994 թվականի զինադադարը - խմբ.)՝ դա վտանգավոր համարելով։ Ռուսաստանի նախագահը հետագայում ուշացումով անդրադարձավ ճանաչման անհրաժեշտությանը»,- եզրափակեց Հովհաննիսյանը։