Հայաստանում մեկնարկել է երեխաների հանդեպ բռնությունների դեպքերի վաղաժամ բացահայտման պիլոտային ծրագիրը։ Հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ 

Նրա խոսքով, ծրագիրն իրականացվում է Լոռու մարզում, այն սկսել է շուրջ երեք շաբաթ առաջ։ Եթե պիլոտային ծրագրի արդյունքները դրական լինեն, նմանօրինակ ծրագրեր կներդրվեն նաեւ այլ մարզերում։

Ասուլիսի մյուս մասնակից Հայ օգնության ֆոնդի երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում իրենց կենտրոնում վերականգնողական փուլ է անցնում շուրջ 150 երեխա։ 2010 թվականի տվյալներով, Կենտորոնում հայտնված երեխաների 54 տոկոսը բռնությունների ենթարկվել են ընտանիքում։ Ընդ որում, 2006 թվականին այս կարգի երեխաները կազմել են Կենտրոնում  հայտնվածների 28 տոկոսը։

Անտոնյանը նաեւ նկատեց, որ Կենտրոնում հայտնված երեխաների մի մասը սոցիալապես անապահով ընտանիքներից են, որոնց ծնողներից շատերը հարբեցողներ կամ թմրամոլներ են։