Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանին  կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվել է, որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին, ժամը 11-ին։ Այս  մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Սարդարյանը։

Հիշեցնենք, որ Բախշիյանի պաշտպանները միջնորդությունը քննող դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էին ներկայացրել, որը, սակայն, մերժվել է, եւ Արղամանյանն է շարունակում քննել ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը։

Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաեւ ազատությունից զրկելու համաձայնություն է տվել:

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է  «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Դատավոր Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող այս գործընթացները նրա փաստաբանները քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն էլ այդ որոշմամբ ոտնահարել է Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։