Իշխանությունների եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջեւ քաղաքական երկխոսության նպատակը իշխանությունն ստանալն ու պահպանելն է, բայց ոչ երբեք հայ հասարակությանը հուզող խնդիրների լուծումը: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա ընդգծել է, որ ՀՅԴ-ն հակված չէ մասնակցել նման ձեւաչափերով հանդիպումների, քանի որ նրան ավելի շատ հուզում են ժողովրդի խնդիրները եւ դրանց լուծումը, այլ ոչ նեղ կուսակցական շահերը: «Մեզ հետաքրքրում են արդյունքները, այլ ոչ` գործընթացը»,- նշել է Մինասյանը:

Բացի այդ, դաշնակցական պատգամավորն ընդգծել է, որ եթե իշխանությունն ու ՀԱԿ-ը այդքան շատ են խոսում հանդուրժողականության մասին, ինչո՞ւ է ՀԱԿ-ը կեղտ շպրտում այլ ընդդիմադիր ուժերի վրա, իսկ իշխանությունները փորձում են այդ ուժերին լուսանցքային դարձնել:

Պատգամավորը նշել է, որ ՀԱԿ-ն ու իշխանությունները զբաղված են ճամարտակություններով, հակառակ դեպքում նրանք չէին հավաքվի արտահերթ ընտրությունների մասին դատարկ խոսակցությունների մասին զրուցելու: Նրանք, առնվազն, պետք է գիտակցեն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ այլեւս չեն կարող լինել:

Նշենք, որ հուլիսի 18-ին խորհրդակցություններ են սկսվել իշխող կոալիցիայի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջեւ: Առաջին հանդիպմանը հստակ օրակարգ չի ձեւավորվել: