Եվրամիությունը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի եւ այլ մատակարարների հետ՝  Ռուսաստանից մատակարարումների հետ կապված մտավախությունների ֆոնին Եվրոպա գազի մատակարարումների ավելացման շուրջ: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Մենք կառուցում ենք գործընկերությունը էներգետիկ անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների հետ, որ առաջին հերթին վերաբերում  է հեղուկացված բնական գազի մատակարարումների ավելացմանը։ Մենք բանակցություններ ենք վարում գազի այլ մատակարարների հետ, օրինակ ՝ Նորվեգիայի հետ, Եվրոպա դրանց մատակարարումների ավելացման շուրջ», - հայտարարել է ֆոն դեր Լյայենը գերմանական Der Tagesspiegel, Die Zeit, Handelsblatt եւ Wirtschaftswoche լրատվամիջոցներին։

Ուկրաինայի շուրջ Արեւմուտքի եւ Մոսկվայի միջեւ լարվածության էսկալացիան անհանգստություն է առաջացրել Եվրոպա ռուսական գազի մատակարարման կապակցությամբ: Վերջին ամիսներին գները բարձրացել են ռեկորդային մակարդակի։

Եվրոպայում գազի պահեստարանները մոտավորապես 10% - ով պակաս են, քան սովորաբար տարվա այս ժամանակահատվածում: «Գազպրոմը» հայտարարել է, որ կատարում է բոլոր երկարաժամկետ պայմանագրերը, սակայն ԵՄ պաշտոնյաներն ու Միջազգային էներգետիկ գործակալությունը նրան մեղադրել են Եվրոպա մատակարարումների դեֆիցիտին նպաստելու մեջ՝  Ուկրաինայի շուրջ դիմակայության ֆոնին։

Ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ  «տարօրինակ է», որ  «Գազպրոմը»  շահագրգռված չէ Եվրոպա գազի մատակարարումների ավելացմամբ, չնայած ռեկորդային բարձր գնին եւ հսկայական պահանջարկին:

«Ավելի ու ավելի շատ նշաններ են հայտնվում, որ Կրեմլը շարունակում է օգտագործել գազի մատակարարումները որպես քաղաքական ճնշման միջոց», - ասել է նա։

Ռուսաստանը մատակարարում է ԵՄ գազի մոտ 40%-ը։ Այդ մատակարարումների վրա պոտենցիալ ազդեցությունը, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, ԵՄ-ին դրդել է ավելացնել մատակարարումներն այլ երկրներից։

ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները երկուշաբթի կհանդիպեն Վաշինգտոնում ՝ հեղուկացված բնական գազի շուրջ բանակցությունների համար: ԵՄ բանակցությունները շարունակվում են նաեւ գազի խոշոր արտադրող Կատարի հետ, իսկ ԵՄ էներգետիկ հարցերով ղեկավար Քադրի Սիմսոնն Ադրբեջան է այցելել անցած շաբաթ։

ԵՄ-ն հայտարարել է, որ իր պահպանման ենթակառուցվածքն ու ավելի շատ հեղուկացված բնական գազ ներմուծելու կարողությունը  պետք է պաշտպանեն երկրները լուրջ ցնցումներից, չնայած վերլուծաբաններն ասում են, որ մատակարարման լիակատար դադարեցումը ՌԴ-ից նաեւ պահանջում է արտակարգ միջոցներ, ինչպիսին է  գործարանների փակումը։

Ֆոն դեր Լյայենն ասել է, որ գազի գները կարող են մնալ բարձր մակարդակի վրա։ Շատ ԵՄ երկրներ սահմանել են  հարկային արտոնություններ, սուբսիդիաներ եւ այլ միջոցներ, որպեսզի զերծ պահեն սպառողներին ավելի բարձր հաշիվներից ի պատասխան գների վերջին թռիչքին։

«Չի բացառվում, որ գազի գինը կարող է որոշ ժամանակ բարձր մակարդակի վրա մնալ», - ասել է նա։