Չինաստանի Շանդուն արեւելյան նահանգում հնագետները թեյի բեկորներ են գտել, որոնք այս պահին համարվում են աշխարհի ամենահինը: Նրանց տարիքը կազմում է ավելի քան 2 400 տարի։ Այս իրադարձության  մասին հաղորդում է չինական «Սինհուա» գործակալությունը։

Հնագետները թեյի տերեւների եփած մնացորդների տեսքով գտածոն հայտնաբերել են Ցզինին քաղաքում հնագույն դամբարանների պեղումների ժամանակ: Գիտնականներն այրված ցողուններն ու թեյի թփերի տերեւները գտել են թաղումներից մեկում ՝ ճենապակյա ամանի մեջ։

Քիմիական անալիզի օգնությամբ հաջողվել է պարզել, որ բույսը  շատ փոքր քանակությամբ կոֆեին եւ տանին է պարունակում․ դրանք այն նյութերն են, որոնցով  հարուստ է  ինչպես թարմ, այնպես էլ չորացրած տերեւներով թեյը: Հենց այդպես է տեղի ունենում եփած թեյի պարագայում. այդ քիմիական նյութերը տերեւներից հեշտությամբ անցնում են տաք ջրի մեջ թեյը թրմելու ժամանակ։ Ելնելով դրանից՝ մասնագետները եզրակացրել են, որ ճենապակյա ամանի մեջ մի ժամանակ թեյ է թրմվել, որից հազարամյակներ անց մնացել է միայն այսպես կոչված «եփը»։

Այս գտածոն վկայում է այն մասին, որ թեյի մշակույթը Չինաստանում հայտնվել է 300 տարով ավելի վաղ, քան ընդունված էր համարել, իսկ ավելի ստույգ՝ մոտավորապես մ․թ․ա․ 453 եւ  410 թթ․-ի միջեւ։