Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ COVID-19-ով վարակման դեպքում ինքնամեկուսացման պահանջները մինչեւ ամսվա վերջը կարող են չեղարկվել, ինչը վերջ կդնի կորոնավիրուսի հետ կապված բոլոր ներքին սահմանափակումներին, հայտնում է AP -ը։
«Եթե ներկայիս հուսադրող միտումները պահպանվեն, ես ակնկալում եմ, որ մենք կկարողանանք մեկ ամիս շուտ չեղարկել ներքին սահմանափակումները, ներառյալ՝ դրական թեստի դեպքում ինքնամեկուսացման իրավական պահանջը»,- ասել է Ջոնսոնը:
Թեստի դրական պատասխան ստացած մարդիկ այժմ պետք է հինգ ամբողջ օրով ինքնամեկուսացվեն: Այս կանոնի գործողության ժամկետը մարտի 24-ին է լրանում։
Ջոնսոնը հավելել է, որ երբ խորհրդարանը փետրվարի 21-ին կարճատեւ ընդմիջումից հետո վերադառնա, ինքը մտադիր է «վիրուսով ապրելու» իր ծրագիրը ներկայացնել։
Անցյալ ամիս Ջոնսոնի կառավարությունը չեղարկել էր մնացած սահմանափակումների մեծ մասը: Անգլիայում դիմակներն այլեւս ոչ մի տեղ պարտադիր չեն, բացառությամբ Լոնդոնի հասարակական տրանսպորտի։ Չեղարկվել են գիշերային ակումբներ մուտք գործելու եւ զանգվածային միջոցառումների մասնակցելու համար նախատեսված «պատվաստումների անձնագրերը», ինչպես նաեւ տնից աշխատելու պաշտոնական խորհուրդը։





























