Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի նախագածային աշխատանքների կատարման ընթացքն է քննարկվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ այսօր` հուլիսի 20-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավար անձնակազմը` գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլինի գլխավորությամբ:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որոշվել է առաջիկայում համապատասխան մասնագետների հետ համատեղ կազմակերպել ծրագրի ներկայացված հինգ տարբերակների, ինչպես նաեւ դրանց ֆինանսական գնահատականների քննարկում եւ ներկայացնել առաջարկություն հետագա իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Երկուստեք անդրադարձել են կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված համաձայնագրի քննարկման ընթացքին, երկաթուղու անշարժ գույքը որպես ՀՀ սեփականություն գրանցելու եւ դրանց տիրապետման իրավունքները «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին փոխանցելու գործընթացին վերաբերող հարցերին, ինչպես նաեւ ներկայացվել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներդրումային ծրագրի առաջին կիսամյակի նախնական կատարողականը:
Շայդուլինը պարզաբանում է ներկայացրել ներդրումային ծրագրի թերացման վերաբերյալ եւ հավաստիացրել, որ ամբողջ ներդրումային պարտավորությունները կկատարվեն հաջորդ կիսամյակում:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի Խորհրդի 55-րդ հերթական նիստի կազմակերպչական հարցերին:




























