Մեր երկիրը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն, իսկ դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը վերջին մեխն էր Հայաստանի դատական համակարգի եւ արդարադատության դագաղի վրա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Նա նշեց, որ այս ֆոնին եվրոպական կառույցները լռություն են պահպանում։ «Սա կամա թե ակամա մեզ ստիպում է որոշ եզրակացություններ անել։ Այսօր ՀՀ կառավարությունը եւ ԵՄ կառույցները մտել են մի փուլ, որը կոչվում է քաղաքական առեւտուր։ Եվ մեզ շատ հետաքրիքր է եվրոպական կառույցների լռության գինը»,- ասաց Հակոբյանը։

Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լիլիթ Գալստյանը, հայտարարեց, որ Հայաստանն ապրում է խորացող բռնաճնշումների, մենիշխանության, արմատավորված ավտորիտար ռեժիմի պայմաններում։ Նրա խոսքով՝ նման պայմաններում ավելորդ է խոսել մարդու իրավունքների եւ իշխանության ճյուղերի տարանջատման գործընթացի մասին։ «Այս ամենը տեսնում ենք նաեւ Ազգային ժողովում։ Օրինագծերի մեծ մասը, որոնք հայտնվում են ԱԺ-ում, նպատակ ունեն ստեղծել մեկ կետից կառավարվող եւ քաղաքական քիմքին հաճո միջավայր»,- նշեց Գալստյանը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում միանգամից մի քանի դեպքեր վրդովել են դատական հանրությանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի ձերբակալությունը, վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանի հանդեպ կարգապահական վարույթը նիստին հեռավար մասնակցելու համար՝ կորոնավիրուսով հիվանդանալու պատճառով եւ այլն։