Վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջեւ ոչ բարիդրացիական հարաբերությունները հայտնի են: Հայտնի է, որ ՀՀ մամուլում վարչապետին աջակցող թերթերից մեկը «Իրատես դե ֆակտոն» է, որն էլ վարչապետին օգնելու զուգընթաց, բնականաբար, զբաղվում է նրա հակառակորդների բոստանը քար գցելով: Ակնհայտ է նաեւ, որ այդ թերթը «հովանավորում» է «Ֆլեշ» ընկերությունը: Երեկ այդ քողարկված հակադրությունը հրապարակային արտահայտություն ստացավ: Քաղաքացի Վարդան Սարգսյանը ԱԺ նախագահին Ֆեյսբուքում հարց էր ուղղել` մեջբերելով հենց այդ թերթի` ԱԺ նախագահի մասին ոչ այնքան բարեհունչ հրապարակումը: Հ. Աբրահամյանը շատ կոշտ էր արձագանքել. «Ինչ վերաբերում է լրագրողի նման անհեթեթ որակմանը, ապա կարծում եմ, պատվիրատուից, հոդվածագրից եւ նրա հոդվածներից կեղտոտ բենզինի եւ դիզվառելիքի հոտ է գալիս»:

Փաստորեն, Տ. Սարգսյան – Հ. Աբրահամյան հակադրությունը նոր թափ է ստանում եւ տեղափոխվում է արդեն հարուստ բառամթերքի գործածման փուլ: ԱԺ նախագահը այս անգամ միանգամից մի քանի նապաստակ որոշեց զարկել: Միայն թե ճշգրտման կարիք ունի` «կեղտոտ բենզին եւ դիզվառելիք» ասելով ինչ նկատի ունի Արգամիչը. Վարչապետի «դիզվառելիքային» շրջապատից եկող հարվածնե՞րը, թե՞ սպառողներին հասնող վառելիքի իրական որակը: