Եվրոպական երկրների ղեկավարներն այսօր` հուլիսի 21-ին կհանդիպեն Բրյուսելում` քննարկելու Հունաստանին արտակարգ ֆինանսական օգնության երկրորդ փաթեթը տրամադրելու հարցը, որպեսզի այդ երկիրը հաղթահարի պարտքային ճգնաժամը: Այս մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը:
Գագաթաժողովի նախօրեին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ ԵՄ-ի ղեկավարները պետք է լուծում գտնեն հունական ճգնաժամի հաղթահարման համար, հակառակ դեպքում` համաշխարհային տնտեսությունն զգալի գին կվճարի դրա համար:
Նշենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նախօրեին հանդիպել են Բեռլինում եւ քննարկել այն պայմանները, որոնց դեպքում Հունաստանին կարող է տրամադրվել 500 մլրդ եվրո: Համաձայնագրի այլ մանրամասներ չեն հաղորդվում:




























