Երեւանում հոկտեմբերի 14–16-ին Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի է ունենալու «Հայագրոֆորում» խորագրով միջազգային գյուղատնտեսական համաժողովը:

Համաժողովի շրջանակներում կքննարկվեն Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող զարգացումները, առկա խնդիրները եւ ոլորտում իրականացվող ծրագրերը: Համաժողովը բացառիկ հնարավորություններ է ընձեռում նաեւ հայաստանյան եւ սփյուռքահայ, ինչպես նաեւ տարբեր երկրներից ժամանած օտարերկրյա գործարարներին ներկայացնելու սեփական արտադրությունն ու մատուցվող ծառայությունները, հաստատելու փոխշահավետ համագործակցություն, ծանոթանալու գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում առկա ներդրումային հնարավորություններին, ինչպես նաեւ ծանոթանալու գյուղատնտեսության զարգացման միջազգային առաջադեմ փորձին: Համաժողովի նպատակներից է նաեւ ագրոպարենային բնագավառի գործարարների եւ ֆերմերների համահայկական ընկերակցության ստեղծումը:

Միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն մասնագիտական կլոր-սեղան քննարկումներ  հետեւյալ թեմաներով.

- Ագրարային բարեփոխումներ, զարգացման ծրագրեր եւ միջազգային համագործակցություն,

- Ագրովերամշակման հատվածի զարգացումը, սննդամթերքի անվտանգության համակարգի կարողությունների հզորացում եւ արտահանման խթանում,

- Ագրարային գիտության, կրթության, տեղեկատվության զարգացում եւ նոր տեխնոլոգիաների ներդրման աջակցություն,

- Ագրարային քաղաքականություն եւ գյուղական համայնքների զարգացման հիմնախնդիրները: