Մոտակա ժամանակներում ղարաբաղյան հակմարտության լիարժեք կարգավորման չարժե սպասել, եթե անգամ այս առումով մի քանի հիմնարար սկզբունքներ ստորագրվեն։ Հուլիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Մանվել Բադեյանը։
Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն։ «Իսկ Թուրքիայի հետ փորձը ցույց է տալիս, որ դրան երկար պետք է սպասել»,- նկատեց պատգամավորը։
Ինչպես նկատեց Բադեյանը, Բաքուն այնքան էլ շահագրգռված չէ ստատուս-քվոյի փոփոխության մեջ, հակառակ դեպքում Ադրբեջանը Կազանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած փաստաթղթի շուրջ 10 առաջարկություն չէր ներկայացնի՝ դրանով իսկ փորձելով ժամանակ շահել։ «Ամենայն հավանականությամբ Կազանի փաստաթուղթը փակուղի մտցրեց Բաքվին, դրա համար էլ Ադրբեջանը ջանում է ժամանակ ձգել»,- նկատեց պատգամավորը։
Բադեյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը փոքր է, քանի որ դա հակասում է հենց Բաքվի շահերին։ «Ադրբեջանը գիտակցում է, որ ռազմական գործողություննե սկսելու պարագայում կպարտվի, քանի որ աշխարհն այսօր շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ»,- նկատեց Բադեյանը։



























