Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամի պաշտոնյան կասկածվում է մանկահասակ երեխաներին գայթակղելու մեջ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով ՌԴ ՆԳՆ վարչություններից մեկի պաշտոնական ներկայացուցիչ Լարիս Ժուկովին:

Ըստ օպերատիվ տվյալների, Կենսաթոշակային հիմնադրամի 41-ամյա բարձրաստիճան պաշտոնյան` Լեոնիդ Կուլաեւը, հանցագործ խմբի ղեկավար է:

«Խումբը շուրջ 10 տարի գործել է ինտերնետի միջոցով: Այստեղ նրանք անապահով ընտանիքների աղջիկների են փնտրել եւ առաջարկել են նրանց լուսանկարներ ու տեսագրություններ տրամադրել: Այնուհետեւ այդ լուսանկարներն ու տեսագրությունները տրամադրել են հարուստ հաճախորդներին»,- ասել է Ժուկովը:

Նրա խոսքով, սովորական աղջիկն արժեցել է շուրջ 30 հազար ռուբլի, իսկ կույս աղջիկների համար հաճախորդները վճարել են մինչեւ 200 հազար ռուբլի: Պարզվել է, որ հանցավոր խմբի գործունեությունից տուժել են շուրջ 30 աղջիկներ: Կենսաթոշակային հիմնադրամում խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել:

Բացի այդ, ոստիկանության աշխատակիցները կասկածում են, որ պաշտոնյան նախօրոք տեղյակ է եղել խուզարկության մասին: Պարզվել է, որ վերջին  տարիներին նա երեք առանձնատուն, երկու բնակարան եւ երեք արտասահմանյան մեքենա է գնել, բայց այդ բոլորը ձեւակերպված է նրա բարեկամների անունով: Ներկայումս խուզարկություններ են կատարվում նրա առանձնատներում: