Վերջին երկու տասնամյակների ընթացքում մեգաերաշտը Միացյալ Նահանգների հարավ-արեւմուտքում եւ Մեքսիկայի որոշ հատվածներում ամենածանրն է վերջին 1200 տարվա ընթացքում:
Մարդկային գործունեության արդյունքում առաջացած գլոբալ տաքացմանը բաժին է ընկնում երաշտի ինտենսիվության ավելի քան 40 տոկոսը, հայտնում են հետազոտողները Nature Climate Change ամսագրում:
«21-րդ դարի սկզբին երաշտը մեգաերաշտի հետագիծ չէր լինի առանց մարդածին կլիմայի փոփոխության»,- գրում են հեղինակ, Լոս-Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարանի դոցենտ Փարք Ուիլյամսը եւ նրա գործընկերները:
Վերջին տասնամյակի ընթացքում Կալիֆոռնիան եւ արեւմտյան այլ նահանգներ ջրի խիստ պակաս են զգացել, ինչը ջրի օգտագործման սահմանափակումների է հանգեցրել եւ որոշ համայնքների ստիպել է շշալցված ջուր ներմուծել: Ժամանակ առ ժամանակ տեղացող առատ ձյունը կամ անձրեւները բավարար չէին պակասը փոխհատուցելու համար։
2021 թվականը հատկապես չոր տարի էր. փետրվարի 10-ի դրությամբ ԱՄՆ-ի արեւմտյան տարածքի 95 տոկոսը տուժել է երաշտից, վկայում են ԱՄՆ կառավարության երաշտի մոնիտորինգի գործակալության տվյալները: Անցյալ ամառ Հյուսիսային Ամերիկայի երկու ամենամեծ ջրամբարները՝ Միդ լիճը եւ Փաուել լիճը, հասել են ավելի քան մեկ դարում գրանցված իրենց ամենացածր մակարդակին:
Ստացված տվյալների համաձայն՝ ներկայիս երաշտը, ամենայն հավանականությամբ, կտեւի առնվազն մի քանի տարի, գուցե՝ ավելի երկար։ 1200 տարվա ընթացքում հողի խոնավության մասին տվյալների հիման վրա մոդելավորման օգնությամբ հետազոտողները 94 տոկոս հավանականություն են կանխատեսել, որ երաշտը կշարունակվի մինչեւ 2022 թվականը:
Ծառերի օղակների վերլուծությունը ցույց է տալիս, որ ժայռոտ լեռներից արեւմուտք ընկած տարածքը՝ հարավային Մոնտանայից մինչեւ հյուսիսային Մեքսիկա, բազմիցս մեգաերաշտի է ենթարկվել, որը տեւել է առնվազն 19 տարի 800-ից 1600 թվականների միջեւ:
Ավելի վաղ իրականացված հետազոտությունները ցույց էին տվել, որ 2000-2018 թվականներին գրանցված երաշտն ամենածանրն էր 800 թվականից ի վեր՝ զիջելով 1500-ականների վերջի երաշտին:
2019-2021 թվականների տվյալները, որոնք հաստատվեցին անցյալ տարի թողարկված նոր կլիմայական մոդելներով, ցույց տվեցին, որ ներկայիս երաշտն ավելի վատն է, քան ցանկացած միջնադարյան երաշտ:





























