«Սիլվայի գործով» դատական նիստը վերսկսվեց փաստաբանների խնդրած 20 րոպեանոց ընդմիջումից հետո։ Հիշեցնենք, որ որպես մեղադրյալներ ներգրավված են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, ներկայում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։
Մեղադրական եզրակացության ամփոփիչ մասի հրապարակումից հետո Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ընդմիջում խնդրեց, քանի որ պաշտպանության կողմին անհասկանալի էին մեղադրանքի ձեւակերպումները։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Քոչարյանը մեղադրվում է գործարար Սիլվա Համբարձումյանից 3 մլն դոլարի չափով, իսկ Գեւորգյանը՝ 1 մլն դոլարի չափով կաշառք ստանալու մեջ։ Մեղադրանքը կառուցվում է Համբարձումյանի ցուցմունքների վրա։
Ընդմիջումից հետո դահլիճ վերադառնալով՝ դատախազ Գեւորգ Բաղդասարյանը բողոք հայտնեց դատավորի գործողությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դատավորը չպետք է թույլ տար փաստաբանին միջամտել ամբաստանյալի հետ դատավորի խոսակցությանը եւ ընդմիջում հայտարարեր՝ չհարցնելով դատախազների կարծիքը։ Փաստաբանը չհամաձայնեց դատախազի կարծիքին եւ կրկնեց, որ մեղադրանքն անհասկանալի է թե՛ պաշտպանությանը, թե՛ դատարանին, թե՛ մեղադրող կողմին։ «Մենք ընդմիջում խնդրեցինք, որպեսզի կոորդինացնենք, թե ով ինչ է ներկայացնելու»,- պարզաբանեց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ այսօր պաշտպանությունը պատրաստվում էր միջնորդություն ներկայացնել։ Նրա խոսքով՝ դատախազը պետք է ներկայացներ մեղադրական եզրակացության ամփոփիչ մասը, իսկ նա ներկայացրեց մի ինչ-որ փաստաթուղթ, որը պաշտպանությունը չունի, եւ խնդրեց դատարանին պաշտպանությանը տրամադրել այդ փաստաթուղթը, եթե դատարանն ունի այն։ Դատավորը հայտարարեց, որ պաշտպանությունն այդ փաստաթուղթն ունի։ Փաստաբանը ստիպված էր կարդալ իր տրամադրության տակ եղած փաստաթուղթը եւ համեմատել լսածի հետ։ Այսինքն, ենթադրեց փաստաբանը, դատախազը կարդացել էր ամփոփիչ մասի ինչ-որ կտորներ։ Այդպիսի բան չպետք է լինի, մենք չպետք է ենթադրենք, թե ինչ կարդաց դատախազը, մենք պետք է ունենանք հենց այդ փաստաթուղթը, որը կարդաց դատախազը, իրավիճակը պարզաբանեց փաստաբանը։ Դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության ամփոփիչ մասը, օրենսդրությունը նման բան չի նախատեսում, շարունակեց Ալումյանը։
«Օրենքը խախտվում է ձեր աչքերի առաջ, դուք դա նորմալ եք համարում եւ առաջարկում եք մեզ նույնն անել»,- նշեց փաստաբանը։
Դատավորը փորձեց անցնել հաջորդ փուլին եւ իմանալ Քոչարյանի կարծիքը մեղադրանքի վերաբերյալ։ Ալումյանը թույլ չտվեց՝ հայտարարելով, որ հարցը սպառված չէ եւ հրապարակված փաստաթուղթը մնում է անհասկանալի։ Օրինակ, ձեւակերպումն այն մասին, թե օգտագործվել են պաշտոնեական լիազորությունները, ո՞ր լիազորությունները։ Երկրորդ՝ ստացվում է, որ օժանդակություն է ցուցաբերվել հօգուտ Համբարձումյանի գործողություններին, եւ անհասկանալի է, թե ով եւ ինչ գործողություններ է կատարել, որոնց Քոչարյանն իբր օժանդակել է։ Այսպիսի ձեւակերպումների դեպքում անհնար է պաշտպանություն կազմակերպել, ընդգծեց փաստաբանը՝ ավելացնելով, որ մեղադրանքի անհեթեթությունը պյմանավորված է նրա լղոզվածությամբ, հակառակ դեպքում վաղուց չկայացած կհամարվեր։
Որպեսզի մենք կարողանանք կազմակերպել պաշտպանությունը, կամ դուք, կամ մեղադրող կողմը՝ բացատրեք մեզ, ասաց փաստաբանը։ Դատավորը նշեց, որ դատարանը չի կարող վերաձեւակերպել մեղադրանքը, իսկ դատախազները պարտավոր չեն, բայց թույլ է տալիս մեղադրող կողմին արձագանքել։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ Ալումյանի խոսքերն ըստ էության փորձ են՝ հարցականի տակ դնելու մեղադրանքը։ Դատախազն ուշադրություն հրավիրեց փաստաբանի նշած փաստաթղթի վրա եւ բացատրեց, որ ոչ լրիվ համընկնումը կապված է այն բանի հետ, որ մինչ այդ դադարեցվել էր մեղադրանքն այլ հոդվածով։ Դատախազ Պետրոսյանը նշեց, որ եթե ամփոփիչ մասը լրիվ հրապարակվեր, փաստաբանները հաստատ նույն կերպ կզարմանային, թե ինչու են թվարկվում այն արարքներն ու հոդվածները, որոնցով մեղադրանքը դադարեցվել է։
Փաստաբանը պատասխանեց, որ զարմանք չի արտահայտել, բայց հայտարարել է, որ իրեն անհասկանալի է այն, ինչ տեղի է ունենում։ Չէ՞ որ դատավորի որոշումը մեղադրանքի դադարեցման մասին բողոքարկվել է դատախազության կողմից, եթե հարցը փակված է, ապա մեղադրական եզրակացությունը պետք է վերաձեւակերպվի։ «Խնդրում եմ գտնել ընթացակարգային գործիք թվարկված հարցերի պարզաբանման համար, այլապես անհնար է կազմակերպել պաշտպանությունը»,- խնդրանքը կրկնեց փաստաբանը։
Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատարանին հիշեցրեց, որ եթե հստակ մեղադրանք չի ներկայացվել, ապա դատն էլ է անհնար. սա քրեական իրավունքի այբուբենն է։ «Ի՞նչ գործողություններ է կատարել Քոչարյանը։ Գործողությունը պետք է նկարագրվի։ Դուք կգտնե՞ք գործում նման նկարագրություններ։ Չեք գտնի»,- հիշեցրեց փաստաբանը՝ փաստելով, որ մեղադրող կողմը ցանկության դեպքում չի կարող առանձնացնել արարքի օբյեկտիվ նկարագրությունը։
Ալումյանն ընդգծեց, որ պաշտպանությունը չի կարող շարունակել մասնակցությունը, քանի դեռ պարզություն չի մտցվել մեղադրանքի մեջ։
Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ ստեղծվում է իրավիճակ, երբ դատախազները կամայական են մեկնաբանում Քրեակատարողական օրենսգիրքն իրենց օգտին։ «Մեղադրական եզրակացությունը փաստաթուղթ է, որով առաջնորդվում է նաեւ պաշտպանության կողմը՝ պաշտպանության պատրաստման եւ իրականացման համար»,- հիշեցրեց փաստաբանը՝ նշելով, որ արդեն այս փուլում ծագել են խնդիրներ դատախազության գործողությունների պատճառով։ Նրա խոսքով՝ դատարանն ինչ-որ տեղ է շտապում՝ ի վնաս պաշտպանյալների շահերի։ «Ձեւակերպումները հակասում են մեկը մյուսին։ Իմ գործընկերները անդրադարձան խնդիրների ոչ ամբողջ սպեկտրին»,- նշեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ քանի որ մեղադրանքը չի հստակեցվել, դա զրոյացնում է ինչպես պրոցեսը, այնպես էլ ապագա դատական ակտը։ «Սա դատ չէ, այլ դատի իմիտացիա»,- ընդգծեց Սահակյանը։





























