Իշխանությունները կարող էին պարարտանյութի թանկացում թույլ չտալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։
Նա նշեց, որ ամոնիումի նիտրատի մեկ պարկը (50 կգ) 6-7 հազար դրամից թանկացել է մինչեւ 17-18 հազար դրամ, ինչը կապված է բնական գազի համաշխարհային գների բարձրացման հետ, առանց որի ազոտային պարարտանյութերի արտադրությունն անհնար է:
Ըստ նրա՝ կառավարությունը պետք է ավելի շուտ զբաղվեր այս հարցով, նոյեմբերին պարարտանյութ գներ, երբ գները դեռ չէին բարձրացել, բայց իրադարձությունների այս զարգացումն արդեն կանխատեսված էր։ «Հիմա արդեն ուշ է։ ստեղծված պայմաններում մենք իշխանություններին խնդրել ենք սուբսիդավորել գնի առնվազն 50 տոկոսը։ Հիմա կարծես թե ուղիներ են փնտրում խնդրի լուծման համար, բայց չեմ կարծում, որ կկարողանան։ Ռեսուրսներ կան, եւ անհրաժեշտության դեպքում իշխանությունները գտնում են դրանք»,- հավելեց Բերբերյանը։
Փորձագետը կարծում է, որ գնի 50 տոկոսի սուբսիդավորմամբ հնարավոր կլինի մեղմել պարարտանյութի եռակի թանկացման ազդեցությունը, եւ այդ դեպքում գյուղացիները պարարտանյութը կգնեն պարկն առնվազն 8-9 հազար դրամով։ «Եթե հարցը չլուծվի եւ գյուղացիների համար գները չնվազեն, ապա բերքի անկում կգրանցվի, ցանքատարածությունները կկրճատվեն։ Եթե անցյալ տարի գյուղացիները 1 հա-ի համար 500-600 կգ (բանջարեղենի համար) եւ 300 կգ (ցորենի համար) պարարտանյութ էին օգտագործում, ապա ընթացիկ գներով այդ ցուցանիշը 3 անգամ կնվազի։ Բնականաբար, դա կազդի գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի վրա. այն կաճի»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կառավարության հաջորդ նիստին (փետրվարի 17-ին) նախատեսվում է հաստատել սուբսիդավորման չափը պարարտանյութերի գնի 30-50 տոկոսի մակարդակում:




























