Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովում երեկ ուշ երեկոյան քվեարկվել է 2010թ. ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության նախագիծը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, նախնական տեղեկությունների համաձայն, հանձնաժողովն առաջնորդվել է նախագահ Բարաք Օբամայի առաջարկներով՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի վերաբերյալ:
Հանձնաժողովը Հայաստանի առաջարկում է 30 միլիոն դոլար, Ադրբեջանին՝ 22 միլիոն եւ Վրաստանին՝ 61 միլիոն:
Ամերիկյան Կոնգրեսի մյուս պալատի՝ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն այս տարվա հունիսին հավանություն էր տվել Հայաստանին 48 միլիոն, Լեռնային Ղարաբաղին` 10 միլիոն դոլարի օգնություն հատկացնելու եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական աջակցության հավասարակշռությունը պահպանելու առաջարկին:
Ի դեպ, ապրիլի 3-ին Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ` դեմոկրատ Ֆրենկ Փալոնն ու հանրապետական Մարք Քըրքը հատուկ նամակով դիմել էին Արտաքին հատկացումների հանձնաժողով՝ եւ խնդրել Հայաստանին հատկացնել 70 միլիոն դոլարի տնտեսական եւ 5 միլիոնի ռազմական աջակցություն, իսկ Լեռնային Ղարաբաղին՝ 10 միլիոն դոլարի օգնություն:


























