«Հրազդանի 5-րդ էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2010 թվականի հունիսին: Այն շատ յուրահատուկ կայան է, որովհետեւ 300 մեգավատանոց կիսակառույց հին տեխնոլոգիայով բլոկի կողքին կառուցում ենք 480 մեգավատանոց ժամանակակից կայան եւ այնպես ենք անում, որ նրանք համատեղ աշխատենք, դա իրականում „նոու-հաու“ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանն ու հավելեց. «Նման ծրագիր ոչ ոք չի կատարել եւ ամբողջ աշխարհում շատ կան 300 մեգավատանոց նման բլոկներ, որոնք նման ցանկություն ունեն: Այստեղ մենք որոշակի փորձ ենք ունենալու, որի փոխանակումը կլինի եւ շահավետ, եւ պատվավոր»:
Հիշեցնենք, որ 2008 թվականին ամբողջությամբ ավարտվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վերակառուցման ու արդիականացման ծրագրի նախապատրաստական փուլը եւ մեկնարկել են աշխատանքները: Ըստ Կ. Կարապետյանի, «2010 թվականին Հայաստանի էներգետիկ քարտեզի վրա տեղ կգտնեն 480 մեգավատանոց նոր արդյունավետ եւ տարածաշրջանում մրցակից ջերմաէներգետիկ հզորություններ»:
«Այս նախագիծը հաջողությամբ ավարտելուց հետո, „Հայռուսգազարդ“-ը հնարավորություն կունենա մասնակցելու Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության հատվածում»,- ասաց նա:




























