ԱՄՆ-ն կարծում է, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչումը հավասարազոր է Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից լիակատար հրաժարմանը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

«ՌԴ Պետդուման հայտարարել է, որ պատրաստվում է դիմել նախագահ Պուտինին՝ կոչ անելով այսպես կոչված Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններն «անկախ» ճանաչել։ Պարզաբանենք, որ Կրեմլի կողմից այս դիմումին հավանություն տալը հավասարազոր կլինի Ռուսաստանի կառավարության կողմից Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից լիակատար հրաժարմանը, որոնք կարգավորում են ուկրաինական Դոնբասի՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող հատվածների քաղաքական, սոցիալական եւ տնտեսական վերաինտեգրման գործընթացը։ Այդ բանաձեւի ընդունումն էլ ավելի կխաթարի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում կհանդիսանա, կասկածի տակ կդնի դիվանագիտական ​​գործունեությունը շարունակելու ՌԴ հայտարարած հանձնառությունը՝ այս ճգնաժամի խաղաղ կարգավորմանը հասնելու համար, եւ արագ ու հաստատակամ  պատասխան կպահանջի Միացյալ Նահանգների կողմից՝ մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ լիարժեք համաձայնեցմամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Պետդուման նախօրեին կողմ էր քվեարկել դոնբասյան հանրապետությունների ճանաչման անհրաժեշտության մասին նախագահին ուղղված դիմումին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է ամեն ինչ անել տարածաշրջանի խնդիրները լուծելու համար, ինչպես նաեւ նշել էր, որ Մինսկի պայմանավորվածությունների ներուժը դեռ սպառված չէ։