Հայաստանում կարտոֆիլի գների աճը մուլտիպլիկատիվ էֆեկտի արդյունք է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։

Պատճառները, ըստ նրա, ընդհանուր ինֆլյացիայի, հայկական դրամի արժեզրկման, վառելիքի թանկացման հետ են կապված։

«Անցյալ տարի լավագույն դիզվառելիքն արժեր 350 դրամ, իսկ այսօր արդեն՝ 500 դրամ։ Սրան գումարվում է պարարտանյութի թանկացումը։ Այս ամենն ազդում է ինքնարժեքի վրա»,- ասաց Բերբերյանը։

Նա հավելեց, որ գյուղացիները սերմացուով ապահովված են, մնում է միայն սպասել, թե ինչպես կլուծվի թանկացած պարարտանյութի հարցը։

«Բացի այդ, ջրամբարները դեռ լցված չեն, ուստի վտանգի տակ է նաեւ ոռոգման հարցը»,- ընդգծեց փորձագետը։

Նշենք, որ Հայաստանում 1 կգ կարտոֆիլի գինը, ըստ որոշ տվյալների, հասնում է 450 դրամի (մոտ 1 դոլարի)։