Ներկայիս ընդդիմությանը Հայաստանում իշխանափոխության համար ձեռնտու կլիներ նոր ընդդիմադիր բեւեռ ձեւավորել։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նա համոզված է, որ հաջողության հասնելու համար նոր բեւեռը պետք է ներկայացնի լիբերալ ուղղությունը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հիասթափված ընտրազանգվածը բաղկացած է առավելապես լիբերալներից։
«Բոլորին հայտնի ուժերը, ինչպիսիք են «Բարգավաճ Հայաստանը» կամ «Լուսավոր Հայաստանը», ինչպես ցույց տվեց անցած ընտրությունների փորձը, այդ դերը չեն կարողանա կատարել։ Կարծում եմ ՝ ընտրազանգվածի այս կատեգորիան հիմա նոր այլընտրանք է փնտրում։ Ինչպես ցույց են տվել հարցումները, գործող իշխանության վարկանիշի անկման հետ մեկտեղ, նվազել է նաեւ ընդդիմության վարկանիշը։ Սակայն դա միանգամայն վերականգնելի նվազում է, քանի որ այն կապված է փողոցային պայքարի ակտիվության անկման հետ», - պարզաբանեց Հակոբյանը։





























