Google-ը հայտարարել է իր Android օպերացիոն համակարգում գովազդի հետեւումը սահմանափակելու ծրագրերի մասին։

«Մեր նպատակն է մշակել գաղտնիության մակարդակը բարձրացնող արդյունավետ գովազդային լուծումներ, որոնց դեպքում օգտատերերը կիմանան, որ իրենց տեղեկատվությունը պաշտպանված է, իսկ մշակողները եւ ընկերությունները կստանան գործիքներ շարժական սարքերում հաջողության հասնելու համար», - ասված է Google- ի հայտարարության մեջ։

«Մենք պլանավորում ենք աջակցել գովազդային հարթակի գոյություն ունեցող գործառույթներին առնվազն երկու տարվա ընթացքում եւ մտադիր ենք ծանուցում տրամադրել  ցանկացած ապագա փոփոխություններից առաջ», - նշված է հայտարարության մեջ:

Թեեւ Google-ը պնդում է, որ փոփոխությունները կպաշտպանեն օգտատերերի անանունությունը, սակայն նրանք կարող են նաեւ էլ ավելի ամրապնդել տեխնոլոգիական հսկայի գերիշխանությունը  թվային գովազդի ոլորտում։

Google-ի մայր ընկերությունը՝  Alphabet-ը, 2021 թվականի չորրորդ եռամսյակում ավելի քան 60 մլրդ դոլար է վաստակել միայն գովազդից ստացված եկամուտների հաշվին, ինչը նրա եկամուտների ավելի քան 80 տոկոսն է կազմում։