Նախագահ Ջո Բայդենը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են ՆԱՏՕ-ի արեւելյան թեւն ուժեղացնելու կարեւորությունն Մոսկվայի՝ Ուկրաինա ներխուժման դեպքում։
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Բայդենն ու Շոլցը համաձայնել են, որ Ուկրաինայում իրավիճակը պետք է որպես «չափազանց լուրջ գնահատել, քանի որ Ռուսաստանի կողմից հետագա ռազմական ագրեսիայի վտանգը դեռ պահպանվում է», հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ Բայդենը եւ Շոլցը քննարկել են իրենց վերջին բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Բայդենը եւ Շոլցը «վերահաստատել են իրենց հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ ընդգծել դիվանագիտության եւ զսպման միջոցների ոլորտում անդրատլանտյան համակարգման շարունակության կարեւորությունը, ինչպես նաեւ՝ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ամրապնդման կարեւորությունը Ռուսաստանի՝ Ուկրաինա հետագա ներխուժման դեպքում»,- հայտարարել են Սպիտակ տանը:
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆեն Հեբեսթրայթը հայտարարել է «շատ զգոն» լինելու անհրաժշետության մասին, քանի որ Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերի զգալի դուրսբերում դեռես տեղի չի ունեցել: Բայդենն ու Շոլցը ողջունել են Պուտինի խոսքերը, ով երեկ կոչ արեց շարունակել դիվանագիտական ջանքերը, հավելել է Հեբեսթրայթը։
Շոլցը եւ Բայդենը համաձայնել են 2015 թվականին Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից ստորագրված Մինսկի համաձայնագրերի իրականացման ուղղությամբ առաջ շարժվելու եւ նորմանդական ձեւաչափով հանդիպումները շարունակելու կարեւորության հարցում, ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը:





























