Հանրահայտ ներդրող, Berkshire Hathaway-ի փոխնախագահ Չառլի Մանգերը քննադատել է կրիպտոարժույթները եւ դրանք համեմատել վեներական հիվանդության հետ։
98-ամյա Մանգերի կարծիքով՝ դրանց բերած հիմնական օգուտը դրամաշորթությունն է, մարդկանց առեւանգումները եւ հարկերի վճարումներից խուսափելը։ Նշելով, որ երբեք ներդրումներ չի կատարել կրիպտոարժույթներում, Մանգերն ասել է. «Ես հպարտանում եմ, որ խուսափել եմ դրանից... դա նման է մի ինչ-որ վեներական հիվանդության»։
«Ես կցանկանայի, որպեսզի դրանք անհապաղ արգելեն»,- ասել է Մանգերը։ Նա նաեւ համարվում է Ուորեն Բարեթի աջ ձեռքը։ «Ես հիանում եմ նրանով, որ չինացիներն արգելել են կրիպտոարժույթը։ Ես կարծում եմ, որ նրանք իրավացի են, եւ մենք իրավացի չենք լինի, եթե թույլ տանք դրանց օգտագործումը»։
Միլիարդատերը, որը երկար ժամանակ քննադատել է կրիպտոարժույթները փոփոխականության եւ կարգավորման բացակայության պատճառով, կանխատեսել է, որ ներդրողների համար «անվտանգ» կլինի այն, որ հաջորդ հարյուր տարվա ընթացքում բիթքոինների գինը «նվազի՝ հասնելով զրոյի»։
Նրա մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ բիթքոինը՝ աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթը, անցած տարի հասել էր ռեկորդային մակարդակի՝ ավելի քան 68 000 հազար դոլարի՝ Ուոլ սթրիթում ավելի լայն տարածման ֆոնին, չնայած դրա գինն այժմ կազմում է մոտ 44 000 դոլար վերջերս տեղի ունեցած արժեզրկումից հետո։
«Մենք արդեն թվային արժույթ ունենք, որը կոչվում է բանկային հաշիվ»,- ասել է Մանգերը։





























