Սենատի բյուջետային հանձնաժողովի նախագահ Բերնի Սանդերսը հեգնանքով շնորհավորել է միլիարդատերերին Ամերիկայի՝ «հասարակության օլիգարխական ձեւի» վերածվելու կապակցությամբ, գրում է Insider-ը:

Սենատում իր ելույթի ժամանակ նա թիրախավորել է միլիարդատերերին ու գործադիր տնօրեններին, եւ կոչ արել կառավարությանը միջոցներ ձեռնարկել սոցիալական եւ կլիմայական ծախսերի ուղղությամբ: «Այսօր ես ցանկանում եմ նշել, որ, չնայած մեր երկրում ճնշող մեծամասնությունը տառապում է հուզական եւ տնտեսական առումով, սակայն ներկայիս ժամանաշրջանը ոչ բոլորի համար է բարդ»,-ասել է Սանդերսը:

Նրա խոսքով՝ միլիարդատերերի ու խոշոր կորպորացիաների գործադիր տնօրենների համար «այդ ժամանակաշրջանը շատ լավն էր»:

Սանդերսը նկատի ուներ սեփական կապիտալի ու շահույթի հսկայական աճը, որը երկու խմբերը գրանցել են համավարակի ամբողջ ընթացքում: Միայն 2021 թվականին ամերիկացի միլիարդատերերն ավելացրել են իրենց կարողությունը 1 տրիլիոն դոլարով: Տնտեսական քաղաքականության ինստիտուտի հետազոտության համաձայն՝ 2020 թվականին գործադիր տնօրեններին վճարվել է 351 անգամ ավելին, քան սովորական աշխատողներին:

«Հնարավոր է՝ մոտենում է ժամանակը, երբ մենք պետք է շարունակենք բանաձեւը, որը շնորհավորում է միլիարդատերերի դասին հասարակության օլիգարխիկ ձեւ հաստատելու գործում մեծ հաջողության կապակցությամբ, որին նրանք վաղուց ձգտել են»,-ասել է Սանդերսը:

Օլիգարխիան իշխելու ձեւ է, որի դեպքում իշխանությունը պատկանում է մարդկանց փոքր խմբին: Սանդերսը միշտ կողմնակից է եղել հարուստների հարկերի բարձրացմանն ու պնդել է 6 տրիլիոն դոլար արժողությամբ սոցիալական ծախսերի եւ ենթակառուցվածքի փաթեթի շուրջ: