«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը, որը բնակելի շենք է կառուցում ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի  գիտատեխնոլոգիական կենտրոնի հարեւանությամբ, արձագանքել է կենտրոնի գիտաշխատողների բողոքի ակցիային:

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության արձագանքում, մասնավորապես, ասվում է. «Այսօր ՀՀ կառավարության դիմաց Օրգանական և դեղագործական քիմիայի  գիտատեխնոլոգիական կենտրոնի մի խումբ աշխատակիցների ակցիայի մասնակիցների կողմից արված  հայտարարությունը, թե մեր համալիրը լինելու է իրենց տարածքից 20 մետր հեռավորության վրա, ապատեղեկատվություն է: Համալիրն իրենց կենտրոնի գլխավոր մասնաշենքից հեռու է 47 մ, իսկ մնացած շենքերից՝ 37 մետր: Հեռավորությունները համապատասխանում է քաղաքաշինական նորմերին:

Տեղեկությունը, թե մենք շենք ենք կառուցում իրականությանը չի համապատասխանում, մենք կառուցում ենք էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր: Կառուցվելու է ժամանակակից «կանաչ» շենք՝ էկոշինարարության բոլոր ստանդարտներին համապատասխան:

Իրականացնելու ենք ոչ թե 10 միլիոն դոլարի ներդրում, այլ 10 միլիարդ դրամի, որի մեծ մասն ուղղակի օտարերկյա ներդրում է:

Փոխտնօրենի հայտարարությունը, որ իրենց շանտաժ են անում,  զրպարտություն է: «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունից որևէ  ներկայացուցիչ շանտաժ չի արել հարևանությամբ գտնվող մասնաշենքերի որևէ աշխատակցի:

 Հայտարարության համար, թե որպես կաշառք,  իրենց առաջարկել ենք շահավետ պայմաններով բնակարաններ, «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը կդիմի դատարան՝ իր բարի համբավը վերականգելու համար:  Մեր ընկերության ներկայացուցիչներն առաջին հանդիպման ժամանակ պարզապես ներկայացրել են, որ համալիրում  երիտասարդ մասնագետների ու գիտնականների համար երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով բնակարաններ են լինելու:

Ընկերությունը հանդիսանում է նշված տարածքի օրինական սեփականատերը և ունի գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավարությունն ու աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են թույլ չտալ կենտրոնի տարածքում գտնվող ջրավազանի տեղում կառուցել բազմաբնակարան շենք:

Օտարված տարածքը 2014 թ-ին ընդգրկվել էր պատմամշակութային արժեք ունեցող կառույցների ցանկում, հետո այն հատվածը, որն անցնում է կենտրոնի տարածքով, դուրս է բերվել այդ ցանկից:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ բազմաբնակարան շենքի կառուցումը քիմիական լաբորատորիաների և արտադրությունների կողքին անընդունելի է: «Այդ շենքի կառուցումը խաթարելու է կենտրոնի բնականոն աշխատանքը: Կենտրոնում կան շատ թանկարժեք սարքավորումներ: Օրինակ, դրանցից մեկը ձեռք է բերվել 2 տարի առաջ 600 հազար եվրո գումարով: Այդ սարքավորումները շատ զգայուն են ցնցումների և փոշու նկատմամբ: Շինարարության ժամանակ դրանք կարող են շարքից դուրս գալ, և այդ դեպքում դեղամիջոցների սինթեզն անհնար կդառնա:

Կառուցապատողը սպառնում է՝ եթե չթողեցիք, կգնանք արբիտրաժ: Սա շանտաժ է, որին կառավարությունը չպետք է տրվի: Կառավարությունը կարող է թույլտվություն չտալ, կարող է այլ տարածք տրամադրել կամ հետ գնել օտարված տարածքը», - ասել է փոխտնօրեն Սահակ Գասպարյանը: