«Հայաստան» խմբակցությունից հիասթափված քաղաքացիները երբեք չեն դառնա գործող իշխանության «ֆանատը», սա նշանակում է, որ ընդդիմադիր դաշտը միայն կընդլայնվի։ Այս մասին փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով ընդդիմության պասիվության հետ կապված քննադատությունների վերաբերյալ հարցին։

Լրագրողներից մեկը, մասնավորապես, հարցրեց, թե ինչու ընդդիմությունն իրեն ոչ մի կերպ չի դրսեւորում։  

«Հիմա ի՞նչ է անում ընդդիմությունը։ Անցյալ տարի նոյեմբերի 8-ին կայացած հանրահավաքում հայտարարեցիք ու վստահեցրիք, որ հեռացնելու եք գործող իշխանությանը՝ լինի դա բարիկադներով, թե ընտրություններով։ Ավելին, հայտարարեցիք, որ դա ժամանակի հարց է, այն էլ բառացիորեն մի քանի ամսվա հարց։ Հետո հայտարարվեց, որ փողոցային պայքար եք սկսում։ Սակայն ակտիվություն չենք նկատում։ Ի՞նչ ազդանշաններ են պետք փողոցը նորից ակտիվացնելու համար։ Թե՞ սպասում եք գործող իշխանության հաջորդ ճակատագրական քայլին, թե՞ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի ավարտին։  Թե՞ պարզապես սպասում եք եղանակի տաքացմանը։ Ի՞նչ ազդակներ են պետք ընդդիմությանը»,- հարցրեց լրագրողը։

Նախկին նախագահի խոսքով՝ ընդդիմությունից հիասթափված են միայն նրանք, ովքեր ընդդիմությունից ավելի ծայրահեղ քայլեր են ակնկալում։ Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների թիվն ընդհանրապես չի նվազում։ 

«Ընդհակառակը, նրանց թիվն աճում է։ Իմ գնահատմամբ՝ իրավիճակը դեռ չի հասունացել այն մակարդակի, որ թույլ տանք մեծ թվով մարդկանց փողոց դուրս բերել։ Մեզ անհրաժեշտ է զգալի աջակցություն։ Մենք չենք ցանկանում հիասթափեցնել մեր աջակիցներին»,- ասել է նախկին նախագահը։

Նա վստահ է, որ առանց հասարակության լայն զանգվածների ճնշման իշխանափոխությունն անհնար է, քանի որ ներկայիս իշխող թիմն իր կամքով չի հեռանա։ Միաժամանակ, Քոչարյանը նշեց, որ փողոցային շարժումը չպետք է ձեւավորվի կոնկրետ գործիչների՝ իշխանության բերելու գաղափարի շուրջ։

«Դա պետք է հիմնված լինի գործող իշխանությանը հեռացնելու գաղափարի վրա։ Առաջիկա շարժումը միայն այս նպատակն է հետապնդելու»,- ասաց քաղաքական գործիչը։

Նա ընդգծեց, որ ըստ հարցումների՝ երեւանցիների մոտ 42 տոկոսն ատում է գործող իշխանությանը։ 

«Եվ միայն քաղաքաբնակների 14 տոկոսն է այս իշխանությանը միանգամային ընդունելի համարում։ Երեւանն ինչ-որ չափով քաղաքական ական է ներկայիս իշխանության համար»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ընդամենը երեք ամիս առաջ ներկայիս իշխանության համար իրավիճակն այդքան էլ ողբալի չէր։

Նա վստահ է, որ քաղաքացիների դժգոհությունը կշարունակի աճել, իսկ ընդդիմությանը մնում է ճիշտ պահ ընտրել։

«Կարեւոր է ֆալստարտ թույլ չտալը, բայց նաեւ պահը բաց չթողնելը»,- կարծում է նախկին նախագահը։