Ուկրաինան հաշվարկել է բոլոր հնարավոր սցենարները եւ այս պահին անվտանգության հարցում իրավիճակի լայնածավալ էսկալացման հավանականությունը գնահատում է որպես ոչ բարձր։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայում, հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությանը:

«Եվս մեկ անգամ ընդգծում եմ. այժմ կարող են հնչել տարբեր տվյալներ եւ իրադարձությունների տարբեր ժամկետներ եւ տարբեր սցենարներ։ Այս բոլոր սցենարները ուկրաինական բանակը հաշվարկել է եւ  պատրաստ է դրանց։ Մենք ոչ մի դեպքում չենք նվազեցնում վտանգը։ Բայց լայնամասշտաբ էսկալացման հավանականությունը մինչ այժմ գնահատում ենք որպես ոչ բարձր՝ ընդհանուր առմամբ Ուկրաինա ներխուժման առումով», - նշել է Ռեզնիկովը։

Նախարարն ընդգծել է, որ այժմ ջանքերը կենտրոնացած են Ուկրաինայի պատրաստվածությունը առավելագույնս բարձրացնելու վրա։

Նա հիշեցրել է, որ տարբեր տարածաշրջաններում շարունակվում են զինված ուժերի «Բուք – 2022» զորավարժությունները, մի շարք վարժանքներ արդեն անցկացրել են ՆԳՆ համակարգի մարմինները, մշտապես մարզվում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, շարունակվում է Ուկրաինայի ԶՈՒ տարածքային պաշտպանության ուժերի տեղակայումը։