Այս խորհրդարանը հավակնում է լինել իշխանության եւ ընդդիմության միջեւ փոխբացառման սկզբունքով գործող, անհանդուրժողականությամբ աչքի ընկնող խորհրդարանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
«Դա ազդել է ԱԺ բոլոր գործառույթների արդյունավետության վրա. թվերն ապացուցում են, որ այդ մթնոլորտից արդյունավետությունն իսկապես տուժել է: 8-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել են ամենափոքր թվով օրենքները: Խոսքն 98 օրենքի մասին է, որն ամենացածրերից մեկն է 10 տարված ընթացքում: Օրինակ, 7-ր գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում այդ թիվը եղել է 143, երրորդում՝ 169, իսկ 4-րդում՝ 343:
Նվազել է նաեւ պատգամավորների նախաձեռնողականությունը: Մենք 7-րդ գումարման ԱԺ-ում բացառիկ ռեկորդ ֆիքսեցինք, նախագծեր ներկայացնելու առումով կառավարություն-ԱԺ հարաբերակցությունը հասել էր 30/70-ի: Ողջունեցինք դա, բայց այս այս ԱԺ-ում պատկերը լրիվ հակառակն է, 98 օրենքից միայն 6-ն են պատգամավորները հեղինակել: Այն էլ խոսքը երկու փաթեթի մասին է: Այդ 6-ն էլ խորհրդարանական մեծամասնության նախաձեռնություններն են: Ընդդիմության որեւէ նախաձեռնություն չի ընդունվել: Միակ բացառությունը «Հայաստան» հիմնադրամի միջոցներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձեւավորելու նախաձեռնությունն էր»,-ասաց նա:





























