Ռոբերտ Քոչարյանի առաջարկն իրատեսական չէ, որովհետեւ այսօրվա իշխանությունը  նման քայլի չի գնա, իսկ այսօր միայն իշխանությունը կարող է իր առաջադրած թեկնածուին ընտրել նախագահի պաշտոնում, որովհետեւ պառլամենտական մեծամասնությունը կատարելու է վերեւից իջեցված հրահանգը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը,  թե այս դժվարին ժամանակաշրջանում նախագահի թեկնածուի առաջադրման համար լավագույն տարբերակ կարող էր լինել Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից որեւէ մեկը։

«Հոգեւորականին այդ պաշտոնը ոչինչ չի տալու, հավելյալ պատասխանատվություն, պարտականություններ էին դրվելու նրա ուսերին, բայց եթե դրանից պետությունը պետք է օգուտ քաղի, հոգեւորականը պատրաստ է գնալ այդ զոհողությանը։ Մեզ համար ինչ–որ պաշտոն զբաղեցնելը փառք չէ, զոհողություն եւ պարտականություն է։ Եկեղեցականները 1000 տարուց ավելի ցույց տվել են, թե իրենք ինչպես կարող են պետականության բացակայության պայմաններում ծառայել իրենց ժողովրդին, եւ կարծում եմ՝ վատ չեն ցույց տվել եւ այսօր էլ հոգեւորականները կարող են օգտակար լինել ցանկացած ասպարեզում»,– ասաց Սրբազան Հայրը։

Անդրադառնալով մեկնաբանություններին, թե հոգեւորականները չեն կարող մասնակից լինել պետական կառավարմանը, Շիրակի թեմի առաջնորդն ասաց.

«Որեւէ օրենք չկա, որը կարգելի եկեղեցականին զբաղվել քաղաքական գործունեությամբ եւ զբաղեցնել որեւէ քաղաքական պաշտոն։ Եկեղեցեկանին դա արգելում է եկեղեցու ներքին օրենքը։ Մենք Հայաստանի լիիրավ քաղաքացի չե՞նք, բոլոր քաղաքացիները հավասար են, բացի հոգեւորականների՞ց»,– նկատեց  Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 17–ին, իր ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ նախագահի թեկնածուի առաջադրման համար լավագույն տարբերակը Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը կարող էր լինել, քանի որ նա կլիներ անաչառ,  եւ կվայելեր  համընդհանուր հարգանք։

«Այս դժվարին ժամանակաշրջանում նման թեկնածուն լավագույնը կլիներ բոլոր առկա տարբերակներից։ Կարծում եմ՝ կան այդպիսիք։ Նրանք հարգված են եւ առաջնորդվում են բացառապես մեր ազգային շահերով»,- ասել էր  Քոչարյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 23–ին Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել Արմեն Սարգսյանը։ 

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» նախագահի պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածությունը։  Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները  հայտարարել են, որ չեն առաջադրելու եւ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը։