Սյունիքի մարզպետի նախկին տեղակալ Նարեկ Բաբայանը նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայքէջում տեղադրված փաստաթղթից։ 

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության (որպես Ընկերության՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող ԶՊՄԿ բաժնետոմսերի հավատարմագրային կառավարիչ) կողմից 2022 թվականի փետրվարի 16-ից դադարեցվել են Տիգրան Ավինյանի լիազորությունները՝ որպես ԶՊՄԿ խորհրդի անդամ (նշանակումը կատարվել էր 24․01․2022թ․), և 2022 թվականի փետրվարի 17–ից ԶՊՄԿ խորհրդի անդամ է նշանակվել Նարեկ Բաբայանը»,- նշված է փաստաթղթում։Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդի անդամ էր նշանակվել 2022թ․-ի հունվարի 24-ին։

Նարեկ Բաբայանը Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից 2 օր առաջ էր ազատվել, եւ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ նրա պաշտոնանկությունը ԶՊՄԿ խորհրդի անդամ նշանակվելու որոշմամբ է պայմանավորված։