Ուկրաինան դիմել է Գերմանիային ու Ֆրանսիային՝ խնդրելով ուժգնացնել ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելությունը: Այդ մասին հայտարարել է ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Իրինա Վերեշուկը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Մեկնաբանելով իրավիճակը Դոնբասում՝ Վերեշուկը նշել է, որ ուկրաինական կողմը հույս ունի, որ վաղը կկայանա Եռակողմ շփման խմբի հանդիպումը:

«Մենք պատրաստ ենք աշխատել, մենք պատրաստ ենք երկխոսել, պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի կայուն հրադադարը շարունակվի, լռության ռեժիմը վերականգնվի, իսկ քաղաքացիական բնակչությունը չտուժի»,-նշել է նա:

Նախարարի խոսքով՝ Ուկրաինան դիմել է Գերմանիայից ու Ֆրանսիայից իր գործընկերներին՝ խնդրելով ուժգնացնել ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելությունը՝ տրամադրելով լրացուցիչ դիտորդներ:

«Մեզ անհրաժեշտ են անկախ դիտորդներ, որոնք կանցկացնեն ստուգումներ, չէ որ ՌԴ-ն տեղեկատվություն է տարածում՝ մեկնաբանելով իր ագրեսիան ուկրաինական կողմի ագրեսիայով»,-ընդգծել է Վերեշուկը:

Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմը պատրաստ է թույլ տալ դիտորդներին մուտք գործել նրանց համար անհրաժեշտ ցանկացած տարածքներ:

Նախարարը հիշեցրել է, որ այժմ մոնիթորինգային առաքելությունն աշխատում է միայն ցերեկային ժամերին եւ միայն առանձին տարածքներում: «Մենք ակնկալում ենք հնարավորինս մեծ թվով դիտորդներ, քանի որ մեզ անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելությունը կատարի գործառույթը շփման գծի երկայնքով... Կա նաեւ Հրադադարի հսկողության եւ համակարգման կենտրոնը, որից, ինչպես գիտեք, Ռուսաստանը դուրս է եկել եւ չի պատրաստվում վերադառնալ, ինչը վկայում է, որ Ռուսաստանը ցանկանում է թաքցնել իր հանցագործություններն ու չի ցանկանում կոշտ մոնիթորինգ, որը ցույց կտար իրողությունը...»,-հավելել է նա: