«Հայռուսգազարդ»-ը գերխնդիր չունի նշանակել այնպիսի սակագին, որի պայմաններում մեր բաժանորդը ընկնի ծանր վիճակի մեջ, որովհետեւ դրանով մեր շուկան նվազում է",- այս տեսակետի հեղինակը «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանն է: Նրա խոսքով, պետք է տրամաբանական այդ «թամբային» կետը գտնել եւ ոգեւորել ընկերությանը, որը խոշոր ներդրումներ է կատարում:

Հարցին, թե արդյոք եկող տարի գազի սակագինը կփոխվի՞ սպառող բնակիչների ու ձեռնարկությունների համար, նա պատասխանեց. «Ամբողջ աշխարհում սակագինը 3 ամիսը մեկ փոփոխվում է եւ ես դա մեծ ողբերգություն չեմ համարում: Մենք փորձել ենք ապահովել մի այնպիսի մեխանիզմ, որ բիզնեսի համար կանխատեսելի լինի բավականին երկար ժամանակ, որպեսզի բիզնեսը կարողանա իր ռազմավարությունը որոշել: Կարծում եմ, որ, ինչու չէ, հնարավոր է ունենանք երկդրույքային սակագին, որը համենայն դեպս, դրամ-դոլար փոխարժեքի նվազման ռիսկերը բավականին կիջեցնի: Բայց կա սահմանափակում` բնակչին դոլարով սակագին դնելը քիչ հավանական է: Մեզ մոտ ամեն անգամ սակագին փոխելը վերածվում է ողբերգության ու դա քննարկելիս տնտեսական մեկնաբանություն չկա: Սոցիալական, քաղաքական շատ բաներ են ասում, բայց զուտ թվաբանություն ու վերլուծություն չի արվում»: